ՍԴ դիմած վարչապետի դեկտեմբերյան դիմումն առնչվում է մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությանը
2020թ. դեկտեմբերին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով լսել եւ հրապարակել է 10 գործով որոշումներ:
10 գործերից 3-ով վարչապետի դիմումներով են որոշումներ կայացվել:
ՍԴ-ում դեկտեմբերին լսվել է եւ կայացվել որոշում դիմումատու դատարաններից ուղարկված միայն մեկ գործ. ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Դիմումատուներից մեկը` քաղաքացի Վարդանյանը արդյունավետ դատական պաշտպանության եւ արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացումն ապահովելու համար էր դիմել դատարան: Մեկ դիմումատու էլ բանկն էր` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին 2 մասի՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով եղել է հատուկ կարծիք:
Կարդացեք նաև
Իսկ կառավարությունը, որի ներկայացուցիչն անփոփոխ եղել է ՀՀ արդարադատության փոխնախարարը, ներկայացրել էր հետեւյալ դիմումները. ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 75-Ա որոշմամբ «2018 թվականի օգոստոսի 22-ին եւ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտագրերի փոխանակման ձեւով ստորագրված «2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի եւ դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի եւ Հայաստանի լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ», 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրում, ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերը:
Վարչապետը դիմել էր ՍԴ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 50-րդ հոդվածի «ա» կետում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով, 2020 թվականի հունիսի 25-ին, Սանկտ Պետերբուրգում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» դիմումներով:
Մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննած «1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով իր որոշումը:
ՀՀ վարչապետի երրորդ դիմումը ՍԴ-ում մուտքագրվել էր անցյալ տարվա հուլիսի 3-ին: Պատճառաբանությունը հետեւյալն էր. Կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 25-ի N 1071-Ա որոշմամբ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով է դիմել ՍԴ:
Նշենք, որ միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 29-ին:
Նախատեսված է, որ արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի, արձանագրության յուրաքանչյուր կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:
Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով արձանագրությամբ նախատեսված պարտավորությունների բնույթը, հանգել էր նրան, որ պարտավորությունները բխում են Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթից, որով նախատեսված՝ կյանքի իրավունքի պաշտպանության սահմանափակումը բացառված է Սահմանադրության 76-րդ հոդվածով։
Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13-րդ արձանագրությամբ արդեն իսկ ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է, մասնավորապես, մահապատիժը վերացնելու պարտավորություն, երաշխավորելով, որ ոչ ոք չդատապարտվի կամ չենթարկվի մահապատժի։ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13-րդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը 2007 թվականի ապրիլի 17-ին ընդունել էր դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին ՍԴՈ-694 որոշումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.01.2021