Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված մի դուռ փակում է, մյուսը բացում». Ձեռքերը կորցրած հերոսը պատերազմին հաղթել է սիրով

Հունվար 14,2021 22:20

Վարազդատ Սանեյանը եղբոր՝ Վարդանի հետ միասին մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում Վարդանը ոտքի վիրավորում էր ստացել, իսկ Վարազդատը կորցրել երկու ձեռքը:

Վարազդատն օրերս նշանվել է սիրած աղջկա՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գեղեցկուհի ուսանողուհի Սոնա Խաչատրյանի հետ: Ֆեյսբուքյան օգտատերերը տարածում էին նրանց նշանադրության լուսանկարները, հիանում գեղեցիկ զույգի ուրախությամբ ու սիրո հզոր հաղթանակով:

Aravot.am-ի հետ զրույցում պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներին Վարազդատը հորդորում է չհուսահատվել. «Ամեն ինչ լավ կլինի, առաջ Աստված: Փառք Աստծո, ողջ ենք: Կոնկրետ ինձ համար վիրավորում ստանալը երկրորդական է, որովհետեւ, եթե ներկա պահին շփվում եմ իմ ծնողների, հարազատների հետ, դա ինձ համար ամեն ինչ է: Կցանկանամ, որ տղաները նույնպես չհուսահատվեն, ամեն ինչն էլ լավ կլինի, Աստված մի դուռը փակում է, մյուսը՝ բացում: Կարեւորը չհուսահատվեք, միշտն նայեք առաջ, փորձեք այդ ամեն ինչից հետո էլ ավելի լավ լինել, անկախ նրանից, թե ինչ վիրավորում ունեք: Ես դա մաղթում եմ բոլորին»:

Վարազդատն ասում է. «Առաջիկայում ցանկանում եմ գոնե ձեռքերս լինեն, որ իմ ձեռքով մի բաժակ ջուր կարողանամ խմել, դա էլ՝ առաջ Աստված, կլինի: Ես չեմ սիրում ժամանակից շուտ ինչ-որ բաներ պլանավորել, թողում եմ Աստծո կամքին, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ պետք չէ Աստծուց առաջ անցնել»:

Խոսելով սիրած էակի մասին՝ հերոսը հավելում է. «Մեր ուժը մեր սիրո մեջ է, չգիտեմ սիրուց բացի էլ ինչի՞ մասին խոսեմ…Սիրո շնորհիվ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են: Կրկին վիրավորում ստացած տղաներին անդրադառնալով, որոնցից մեկը ոտքն է կորցրել, մյուսը ձեռքը, ուզում եմ ասել՝ մի հուսահատվեք, եթե սեր կա, իսկ այն հաստատ գոյություն ունի, ամեն ինչ ի վերջո լավ է լինելու: Իմ օրինակով ասեմ՝ սեր կա, եւ իրական սերը չի նայում դու ինչ վիրավորում ես ստացել, ինչ ես կորցրել…»:

Վարազդատը ասում է, որ եթե հարկ լինի, դարձյալ զինվորական համազգեստ կհագնի ու կգնա հայրենիքը պաշտպանելու. «Եթե ապրում ենք թշնամիներով շրջապատված երկրում, իհարկե, ապաքինվելուց հետո պետք լինի, էլի կմեկնեմ առաջնագիծ: Պետք է դու քո երկրի սահմանները պահես, որ հանգիստ լինես, ոչ թե ասես՝ պատերազմին մասնակցել ենք, վիրավորվել ենք, ուրեմն՝ վերջ, մեր պարտքն արդեն կատարել ենք: Մենք մինչեւ կյանքի վերջ էլ պարտք ունենք հայրենիքի հանդեպ…Ծնողները պետք է իրենց երեխաներին այնպես դաստիարակեն, որ ոչ միայն մեծերին հարգեն, պիտանի լինեն ծնողներին, այլեւ հայրենիքին»:

Վարազդատը հավելում է, որ գլուխ է հանում մեքենաներ նորոգելուց, իր ձեւակերպմամբ, «քթածակ» ունի, ինչ վերաբերվում է սիրելիին, նա էլ տանը երեխաների հետ հայոց լեզու գրականություն է պարապում:

Երբեւէ ստացած ամենաթանկ պարգեւը Վարազդատ Սանեյանը համարում է սերը. «Ամենալավն նվերն այն է, որ մենք միասին ենք, իրար սիրում ենք, ինձ համար դրանից թանկ բան աշխարհում չկա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Նարինե Ղալեչյանի եւ Լեւոն Գեւորգյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031