ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ ռազմագերիների հարցն ինչպե՞ս կարող է ի վերջո լուծվել, վարչապետի մոսկովյան այցից հետո էլ այդ հարցը լուծում չստացավ, իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե հայ ռազմագերիները ահաբեկիչներ են:
Նախարարը պատասխանեց. «Վարչապետը հունվարի 11-ին ե՛ւ եռակողմ, ե՛ւ երկկողմ ձեւաչափերով հատուկ անդրադարձել է գերիների խնդրին: Դա մեզ համար առաջնային խնդիր է այսօր: Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ եւ բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով մենք աշխատանք ենք տանում:
Արտգործնախարարությունը առիթը բաց չի թողնում, որպեսզի այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն եւ զարգացում: Սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձեւավորելը: Եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացած խնդիրները մենք դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել»:
Հարցին՝ հնարավոր չէ՞ր ժամկետներ ամրագրել, թե՞ դա պետք էր անել նոյեմբերի 9-ի փաստաթղթում՝ Արա Այվազյանը պատասխանեց. «Ես ձեզ կոչ եմ անում վստահել մեր ջանքերին եւ հուսով եմ, որ այդ հարցը կստանա իր դրական լուծումը: Բոլորս հասկանում ենք, որ այդ հարցը մեկ օրվա լուծման հարց չէ:Եթե այդ հարցը մեկ օրվա մեջ լուծում ստանալու լիներ, ապա շուտվանից լուծված էր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ