Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի գրածը հանվել է կոնտեքստից». Արա Այվազյանը՝ Պոպովի եւ վարչապետի հակասական պնդումների մասին

Հունվար 14,2021 20:22

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այսօր աշխատանքային հանդիպում էր ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հանդիպումից հետո լրագրողները նախարարին հարցրեցին՝ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը երբեք ՌԴ-ն չի դիտարկել՝ որպես 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը, մինչդեռ ՌԴ նախագահ Պուտինը այլ հայտարարություն էր արել մինչ այդ, ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Նախարարը պատասխանեց. «Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին: Ինչպես բոլորդ գիտեք, ժամանակին Հայաստանը իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ կազանյան փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են: Դա զինադադարի, պատերազմի ավարտման մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը: Սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, քանի որ չի իրականացվել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման կարգավորման հարցը: Ուզում եմ ընդգծել համանախագահների կողմից դեկտեմբերի 3-ի հայտարարությունը, որում կարեւորվում է հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորումը»:

Հարցին՝ եթե դուք հաստատում եք համանախագահի հայտարարությունը, ստացվում է, որ վարչապետը գրառում է արել՝ իրականությանը չհամապատասխանո՞ղ՝ գրելով, որ 7 շրջանների հարցը դրվել է շրջանառության մեջ ու այնտեղ կարգավիճակի հարց չի եղել՝ Արա Այվազյանն արձագանքեց. «Ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածները եւ ուրիշ մեկնաբանությունները, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից: Վարչապետն ասել է այն, ինչ ասել է, Պոպովը մեկնաբանել է: Վարչապետի գրածը հանվել է կոնտեքստից, նա ուրիշ բաներ էլ է ասել: Խնդրում եմ ուշադիր կարդացեք ինչ է գրել վարչապետը եւ ինչ է ասել Պոպովը: Մեզ համար կարգավիճակի հարցը եղել է եւ կա հիմնահարցի կարգավորման հիմնական կարեւորագույն տարրը»:

Արա Այվազյանն ասաց, որ համանախագահները երկու հայտարարություն են նշել, որտեղ նշվել է, որ պետք է հասնել համապարփակ կարգավորմանը՝ հիմնված հիմնարար սկզբունքների վրա: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, սեղանին դրված փաստաթղթում, որտեղ եղել է 7 շրջանների վերադարձը, եղել է նաեւ կարգավիճակի հա՞րցը՝ նախարարը պատասխանեց. «Ես հատուկ անդրադարձա կազանյան փաստաթղթին, որովհետեւ դա եղել է վերջին փաթեթային ամբողջական կարգավորման առաջարկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031