«ՀՀ իշխանությունները Հայաստանում լուծում են իշխանապահպանության խնդիր, ու իրենց համար դա ամենակարևորն է: Ու ինստիտուցիոնալ ռեսուրս չի թողնում, որ զբաղվեն արտաքին քաղաքականությամբ»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նրա հավաստմամբ՝ նոյեմբերից սկսած բանակցություններն այսպես, թե այնպես ընթացել են. ադրբեջանական կողմն ինտենսիվ բանակցություններ է վարել ռուսական կողմի հետ, ինչը չես ասի հայկական կողմի մասին: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին՝ քաղաքագետն ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խումբ այս պահին անգործության է մատնված: Վլադիմիր Պուտինը զուտ արարողակարգային նկարագրության համար հիշատակեց, որ, դե, այս սկզբունքները դեռ ժամանակին համաձայնեցված էին Մինսկի խմբի հետ: Փաստացի այս պահին Ռուսաստանը միակ միջնորդն է, ում հետ նոյեմբերից այս կողմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հայկական կողմն այդքան էլ ինտենսիվ չի աշխատել»:
Խոսելով հունվարի 11-ին կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին՝ Էդգար Էլբակյանն ասաց. «Չգիտեմ՝ չորս ժամ ինչ է խոսվել: Ես անկեղծորեն զարմացած եմ, որ ՀՀ ղեկավարը կարողացավ ասել, որ հարցը մենք չենք համարում ավարտված, լուծված և կարգավիճակի խնդիրն առաջ քաշեց: Դե, գիտեք, կարելի է ասել՝ մի բան պիտի ասեր, բայց ամեն դեպքում սա ասելու համար, քանի որ սա իրականում հայանպաստ բան էր, քաղաքական քաջություն էր պետք, ու ստացվեց: Փաստացի մեկը երկուսի դիմաց էին այնտեղ բանակցությունները»:
Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ հանդիպումից հետո փաստաթուղթը, Էդգար Էլբակյանն ի պատասխան նկատեց՝ այլ բան չէր կարող անել կապիտուլացված երկրի ղեկավարը և մանրամասնեց. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Փաշինյանը ստորագրեց այն, ինչ ստորագրեց, հատկապես, երբ ռազմագերիների, անհետ կորած անձանց հարցը կարգավորված չէ: Էլի վերադառնալու եմ իմ նախնական թեզին, որ, ցավոք, ՀՀ-ն ենթարկվել է կապիտուլյացիայի: Դա տիպիկ, անվերապահ կապիտուլյացիա չէ, ՀՀ զինված ուժերը չեն ցրվել, թեպետ կարելի է վիճել, որ ՊԲ-ն կիսացրված վիճակում է, քանի որ նրա ապագան հայտնի չէ: Հայտնի չէ՝ շարունակելո՞ւ է համալրվել ՀՀ-ից զորակոչված զինակոչիկներով: Եթե Աղդամում ստեղծվելու է թուրք-ռուսական համատեղ հրադադարի ռեժիմի մոնիտորինգ անող խումբ, ամենայն հավանականությամբ, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ մոնիտորինգն անելու են ԱԹՍ-ներով: Կապիտուլացված երկրի ղեկավարից ակնկալել, որ ինքը կարող էր ինչ-որ բան չստորագրել, մի քիչ լուրջ չէ: Հայտարարություն արեց, լավ է, բայց չստորագրել չէր կարող: Եթե լիներ անվերապահ կապիտուլյացիա, ապա առհասարակ ինքը ոչ մի տեքստ էլ չէր ասի, այլ դեմ կտային, կստորագրեր»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ