«Կարող ենք գնալ, հենց հիմա մի հատ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ՝ «Ռենշին» ընկերությունը»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հետաքրքրվել էինք՝ արդյոք կա՞ն ներդրումներ, երբ կտեսնենք խոշոր ներդրումներ:
«Այո, կան շատ ներդրողներ։ Ես ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ եւ ամեն օր լուծում եմ նրանց առջեւ ծառացած խնդիրները»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, մոտ 20 տոկոս անկում կա ներմուծման, արտահանման եւ սպառման ոլորտներում, սակայն ինքը լավատես է, երկնիշ տնտեսական աճն էլ՝ իր թիրախում է. «Նախորդ տարվա տնտեսական անկումը 8.5 տոկոս կլինի իմ կարծիքով»:
Թե ինչից ելնելով է լավատեսությունը պարոն Քերոբյանն ասաց, որ ունեն երկար ցուցակ քայլերի։
Կարդացեք նաև
Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրման, ճանապարհներ ու երկաթուղի կառուցելու վերաբերյալ էլ Վահան Քերոբյանն ասաց, որ հայ գործարարների հետ ամենօրյա հանդիպումներ է ունենում եւ նրանք կողմ են այդ ճանապարհին, քանի որ զարտուղի ճանապարհներով բեռները տեղափոխելու պատճառով գործարարները հսկայական ֆինանսական վնասներ են կրում: Ըստ նախարարի, ապրանքը օրինակ՝ Ղազախստան արտահանելու համար կրկնակի են վճարում՝ քան պետք է վճարեին:
Aravot.am-ի հարցին՝ վեց ամսից լրանալու է Թուրքիայից ապրանքների արտահանման արգելքը, ի՞նչ դիրքորոշում ունի էկոնոմիկայի նոր նախարարն այդ առնչությամբ, արդյո՞ք պետք է երկարաձգել արգելքի գործողության ժամկետները, Վահան Քերոբյանն ասաց, որ իր կարծիքն է հայտնում. «Այս պահին մենք հակված ենք լինելու երկարաձգելու արգելքը՝ եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որի արդյունքում դա կլինի անհնար»:
Նախարարն ասաց՝ մտադրությունը պայմանավորված է տեղական արտադրությունը խթանելով եւ պաշտպանելով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ