Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները. Արա Այվազյան

Հունվար 14,2021 18:10

ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման ժամանակ

Հարգելի գործընկերներ, պատգամավորներ,

Անչափ կարևորում եմ կանոնավոր շփումներն Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադրության վերլուծության և քննարկման, ինչպես նաև այս նոր իրողության պայմաններում մեր առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների շուրջ մտքեր փոխանակելու ուղղությամբ։

Հարգելի գործընկերներ, Արցախի ժողովրդի դեմ 44 օր տևած ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, և Արցախ մուտք գործեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը։

Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։ Արցախի Պաշտպանության բանակը և Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները։ Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը, և որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով։

Այդ խախտումները վերաբերում են նախևառաջ հայտարարության 1-ին և 8-րդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին և ձերբակալված անձանց։

Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ արդբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևանքով գերեվարվեց 64 զինծառայող։

Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները։

Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը և հայատյացության քաղաքականության շարունակումը։

Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները, ինչի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց հունվարի 11-ին եռակողմ հանդիպման ընթացքում։

Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ։ Հայաստանը, մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը, հստակորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ։ Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն։

Հարգելի գործընկերներ,

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը:

Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից:

Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:

Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝  իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը:

Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Մինչ այժմ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային մասնագիտական կառույցներին, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտք գործել տարածաշրջան, ինչի վերաբերյալ այդ կազմակերպությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայ ժողովրդի պատմության և արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չեն կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար։ Այս տեսակետից մշակութային ժառանգության կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար։

Մեր ներկա առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը և դրանում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավվածությունը:

Այս փուլում Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Ես վերջերս այցելեցի Արցախ և քննարկումներ ունեցա Արցախի ղեկավարության հետ մեր ընդհանուր համահայկական օրակարգի շուրջ: Կարծում եմ, որ խորհրդարանական մակարդակում նույնպես պետք է առավել սերտորեն համադրել և համակարգել մեր աշխատանքն Արցախի հետ, այդ թվում՝ միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում հայ ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնելու ուղղությամբ:

Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս քննարկումը նախաձեռնելու համար: Սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու մոտեցումները, ինչպես նաև կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին:

Շնորհակալություն։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031