«Երկու ամսից ավելի է՝ պայքարում ենք: Ո՛չ մահացած զինծառայողի, ո՛չ անհետ կորածի, ո՛չ գերու, ո՛չ էլ ողջ մնացած զինծառայողի ծնողի համար պատերազմը դեռեւս չի ավարտվել»,-այսօր այսպես էին ասում կառավարության առաջ բողոքի ցույցի եկած ժամկետային զինծառայողների ծնողները, որոնց որդիները ներկայումս ծառայում են Արցախում: Նրանց խոսքով, որդիների անվտանգության երաշխիքներ չունեն եւ ՊՆ-ից որեւէ պատասխան չկա, ասում են՝ քննարկում են։
Նրանք պահանջում էին իրենց զավակներին դուրս բերել Արցախից, որովհետեւ նրանք Հայաստանի հանրապետության քաղաքացիներ են:
Կարդացեք նաև
«ՊՆ ո՛չ մի աշխատակից, ո՛չ մի սպա այլեւս ո՛չ կխոչընդոտի, ո՛չ էլ մեզ կխաբի ու գնդակի նման այստեղից այնտեղ կուղարկի, արդեն բավական է։ Երեկ ականատես եղանք հրադադարի հերթական խախտմանը։ Բավական է։ Մենք արդեն հոգնել ենք։ Պատերազմը մեզ համար դեռ շարունակվում է, որովհետեւ մեր երեխաները դեռեւս թիրախավորված են»,-ասաց զինծառայողներից մեկի մայրը՝ Արմինե Օհանյանը։
Նրա խոսքով՝ տեղեկություններ ունի, որ զինծառայողներին ռուսական համազգեստով անցկացնում են Արցախ. «Եթե ՀՀ զինվորի համազգեստը հանեք ու ստիպեք ռուսական կամ քաղաքացիական համազգեստ հագնել, ուրեմն՝ օրենք եք խախտում»:
Դիմելով վարչապետին ասաց՝ «Փրկե՞լ եք, պարոն վարչապետ, փրկեք մինչեւ վերջ, եթե դա չեք ասում դիվիդենտների համար։ Հրադադարի խախտում եղավ, ի՞նչ ապահովության երաշխիքի մասին է խոսքը։ Երեկվա դեպքերը ձեր շահած դիվիդենտների մասին չեն խոսում։ Ձեր կողմից անփութության պատճառով երիտասարդի մահ է եղել, որին մայրը սպասում էր, եւ որի արձակուրդն անընդհատ հետաձգվում էր։ Բայց այսօր նա իր որդուն տեսնելու է դագաղի մեջ․ դա՞ է ձեր փրկած կյանքը»:
Արմինե Օհանյանը մտահոգություն հայտնեց, որ զինծառայողների շրջանում էլ է կորոնավիրուս տարածված: Անդրադառնալով օրերս կորոնավիրուս ունեցող զինծառայողի մահվան դեպքին, զինծառայողի մայրն ասաց․ «Եթե մեր պատկան մարմիններն ունեն տրամաբանություն, ապա կտրամաբանեն՝ եթե երեխան անհետեւողականության պատճառով մահացել է կորոնավիրուսից, նրան շրջապատող բոլոր երեխաներն այս պահին կորոնավիրուսով են վարակված։ Նրանց ի՞նչ է սպասվում, քանի՞սն են այս ձմեռը լուսացնելու։ Բավական չէ՞ մեր երեխաների կյանքի հետ խաղան»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ