Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տաշած քարը գետնին չի մնա

Հունվար 14,2021 16:56

1995թ․ հուլիսի 5-ին անկախ Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին համապետական՝ Ազգային Ժողովի ընտրություններ, միաժամանակ սահմանադրական հանրաքվե։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականում ղեկավարում էր ԿԸՀ փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանը։

Ընտրություններն ու հանրաքվեն ուղեկցվեցին բոլոր հնարավոր և անհնար կեղծարարություններով՝ բռնություններ, ծեծ ու ջարդ, լցոնումներ, քվեատուփերի գողացումներ, զինվորական ստորաբաժանումների տարբեր տեղամասերում միաձայն քվեարկություններ, արձանագրությունների կեղծումներ և այլն։

Ի դեպ, մինչ ընտրությունները ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, Հայաստանի բոլոր ոստիկանական բաժիններ են կանչվել թաղի հեղինակություններն ու քրեական աշխարհի ներկայացուցիչներն ու հանձնարարական ստացել աշխատել իրենց թաղում իշխանության թեկնածուի օգտին։ Նույնիսկ այդ ամենից հետո, ըստ նույն Ջհանգիրյանի հաշվարկների, հանրաքվեի արդյունքները գոհացուցիչ չէին։ Եվ խախտելով օրենքը, քվեարկությունը երկարացվեց երկու ժամով, մինչև ժ․22-ը։

Հաջորդ իսկ օրը Ջհանգիրյանը զանգահարում էր բոլոր ընտրատեղամասերն ու հանձնարարում․ «Մինչև հանրաքվեի 70%-ից ավել ցուցանիշ չունենաք, արձանագրությունը չեմ ընդունի» (այս մասին պատմել են, այն ժամանակվա , ինչպես ԿԸՀ , այնպես էլ տեղական ընտրական հանձնաժողովների շատ անդամներ)։

Արդյունքում, ՀՀՇ-ի շուրջ համախմբված «Հանրապետություն» դաշինքը «շռնդալից» հաղթանակ տարավ, երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց, ամենակարող ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի քմահաճույքով, ընտրություններից մի քանի ամիս առաջ ստեղծված «Շամիրամ» կուսակցությունը և Հայաստանին պարտադրվեց միապետական կառավարման համակարգ, ոչնչացնելով դատական իշխանությունը։

Ընտրությունների հաջորդ իսկ օրը ԱՄՆ դեսպան Հարրի Գիլմորը հայտարարեց, որ իրենք հետևել են, թե ինչպես էր նույն զորախումբը քվեարկում քաղաքի տարբեր մասերում։

Հայաստանում առաջին անգամ դիտորդություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ դիտորդական զեկույցը վախվորած արձանագրեց․ «Ընտրություններն անցան ազատ, բայց ոչ արդար»։

Իսկ այս մասին ինձ պատմել է ԳԽ պատգամավոր, հանգուցյալ Աղասի Արշակյանը, որ հետո հաստատվեց ԿԸՀ մի անդամի կողմից նույնպես․

«Ընտրության արդյունքները բողոքարկելու համար գնացի ԿԸՀ, մոտեցա Գագիկ Ջհանգիրյանին, ներկայացնելու բողոքը։ Նա ինձ ուղղեց դեպի ԿԸՀ նախագահ Ռոբերտ Ամիրյան։ Մտա Ամիրյանի սենյակ, ներկայացրեցի բողոք-դիմումս։ Ամիրյանը տարակուսած ինձ նայեց և ասաց․ Խնդրում եմ հանձնիր Ջհանգիրյանին։ Դուրս եկա և նորից մոտեց Ջհանգիրյանին, ասելով Ամիրյանի հորդորը։ Ջհանգիրյանը վերցրեց դիմումը և ուղիղ նայելով դեմքիս, այն պատռեց և գցեց աղբամանը․ Գնա և ում կուզես բողոքիր»։

Շարունակելի

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031