Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամարասի վանական համալիրին որեւէ վտանգ չի կարող սպառնալ». Լուսինե Ղարախանյան

Հունվար 14,2021 16:36

«Արցախի Հանրապետության պատմաճարտարապետական կարեւորագույն հուշարձաններից մեկի` Ամարասի վանական համալիրի շինարարությունը, վերականգնման աշխատանքները վերսկսում ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Այդ աշխատանքները վերսկսվում են «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ: Դրանք ընդհատվել էին սեպտեմբերին` Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ծավալած պատերազմական գործողությունների պատճառով: Պատերազմի ավարտից հետո վանական համալիրի հետագա պահպանման նպատակով նպատակահարմար ենք գտել նորից դիմել «Լույս» հիմնադրամին` ավարտին հասցնելու համար վերականգնման աշխատանքները»,-հավելեց ԱՀ նախարարը:

Անդրադառնալով Ամարաս վանական համալիրին` անվտանգության տեսանկյունից, ինչի մասին բարձրաձայնել էր նաեւ Ամարասի վանահայր Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարը նշեց. «Ամարասը որպես վանական համալիր այժմ ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո է: Ճիշտ է, այն հիմա շատ մոտ է ադրբեջանական մարտական դիրքերին, սակայն կարծում եմ, որ համալիրին որեւէ վտանգ չի կարող սպառնալ:

Ես համոզված եմ, որ Ամարասի վանական համալիրն անվտանգ է լինելու, քանի որ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է: Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը եւս հանրապետության նախագահի հետ այցելել է Ամարաս»:

ԱՀ ԿԳՄՍ նախարարը ընդգծեց, որ փորձելու են ամեն կերպ ակտիվացնել Ամարասի վանական համալիրի կենսագործունեությունը, մշակութային -հոգեւոր կյանքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Նախարարի լուսանկարը` Ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031