Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն անմեղսունակ հայտարարությունները, որ չկա «Մեղրիի միջանցք» խոսք, չգիտեմ՝ որ խավի վրա է դեր խաղում». Լարիսա Ալավերդյան

Հունվար 14,2021 16:18

«Վերադարձած նախկին զինգերիները կամ պատանդները պահանջում են հատուկ ուշադրություն պետության կողմից՝ հանձին առողջապահության, սոցապ նախարարության, պաշտպանության նախարարության, որովհետև քչերն են վերադառնում առանց դաժան վերաբերմունքի հետքերի»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը ցավով նշեց, որ Ադրբեջանի կողմից ցուցադրաբար արվող ոտնահարումները հակասում են բոլոր ժնևյան կոնվենցիաներին. «Բոլոր այդ կոնվենցիաները, որոնք ընդունվել են 1949-ին, ունեն մեկ ընդհանուր հոդված, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է վերաբերվել խաղաղ բնակչությանը: Անգամ այն, որ մենք տեսնում եք՝ ինչպես են մարդիկ մտնում սահմանապահ մեր գյուղերի տներ, դա արդեն ցուցադրական է, քանի որ իրենք են նկարահանում: Նույնը վերաբերվում է այն բոլոր դաժանություններով նկարահանումներին, որոնք ադրբեջանցիներն են անում ու տարածում: Եթե դա առանձին մասնավոր անձի գործողություն է, ուրեմն պետությունը գործեր կհարուցեր, կկանխեր: Ցուցադրաբար մի քանի գործ են հարուցել, բայց դա մասսայական բնույթ է կրում: Կոնվենցիաները ոտնահարվում են ամբողջությամբ, էլ չեմ ասում այն դեպքերը, երբ հեռուստատեսությամբ են տարածում, թե ինչպես են զինգերիները փնովում Հայաստանի ղեկավարներին և ասում, թե ինչպես են սիրում Ադրբեջանը, ինչ լավ են իրենց վերաբերվում: Մինչդեռ Երրորդ կոնվենցիայում մեջ կա հատուկ մի հոդված, որն այլ տեղ չկա: Ըստ այդ դրույթի՝ անձը, որը գերության մեջ է հայտնվել թշնամու կողմից, նա պետք է զերծ լինի, ազատ լինի ավելորդ հետաքրքրությունից ամբոխի կողմից: Դա միջազգային հումանիտար իրավունքի ներքո է, պահանջում է արտակարգ նրբանկատություն այդ անձի նկատմամբ, որի իմացությամբ Ադրբեջանը ցուցադրաբար հակասում է միջազգային նորմին: Այդ ցինիզմը, որն Իլհամ Ալիևն ասում է, թե իբր այդ անձինք ահաբեկիչներ են, նա դա անում է՝ ցույց տալով, թե ինչպես պետք է գործեր Հայաստանը՝ ունենալով տարբեր աղբյուրներից այդ տվյալները, որ կան հարյուր հազարավոր ահաբեկիչներ, որոնք ուղղակի ընդգրկվել են Թուրքիայի կողմից կազմակերպված ձևով և հայտնվել են Հարավային Կովկասում: Մինչդեռ մենք չգիտենք՝ ինչ եղավ այդ երկու ահաբեկիչների հետ, որ մեր կողմում էին»:

Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ հարկավոր է՝ ՀՀ և ԱՀ իշխանությունները, զինված ուժերը մի քանի թվեր հրապարակեն. «Նրանք պետք է ունենան մի քանի թիվ և ցուցակ: Պատերազմ գնացածների, ուղարկվածների ցուցակը, ոչ միայն թիվը, վերադարձածների, այդ թվում վիրավորների ցուցակը և հայտնի զինգերիների ցուցակը: Եթե այդ երեք թիվն ունենք, առաջինից երկուսը հանում ենք, տակը մնում են բոլոր նրանք, որոնք այս պահին պետք է համարվեն անհայտ կորած»:

Ըստ նրա՝ այն, որ այսօր զինգերիների թիվը չի ասվում, այսօր մեզ ասում են անհայտ է, ցավալի է, և այդ հարցը քաղաքականացնում է: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ գերիների հարցի դիմաց երկաթուղին բացելը ոչ թե քաղաքականացնում է, այլ մանիպուլյացիա մարդկային զգացմունքների վրա. «Այդ հայտարարելը նշանակում է ոչ թե քաղաքականացում, այլ դա կոչվում է մանիպուլյացիա մարդկային զգացմունքների վրա: Մեծ մասը բնակչության և մանավանդ մասնագետները դեմ են այդպես տարօրինակ, հրատապ սահմաններ ոչ թե բացելուն, այլ մի քանի կոմունիկացիաների: Որ ասում են կոմունիկացիա, դա միայն այդ ճանապարհը չէ. բա դա սպասարկում ունի, անվտանգության ապահովում ունի: Իրոք միջանցք: Եվ այն անմեղսունակ հայտարարությունները, որ չկա Մեղրիի միջանցք խոսք, չգիտեմ՝ որ մի խավի վրա է այդ հայտարարությունը դեր խաղում: Դա անգրագիտության ծայրահեղ աստիճան է: Միջանցք հենց դա է նշանակում՝ կոմունիկացիաներին ամբողջությամբ համակարգային ուղեկցող գործողություններ, հաստատություններ, նյութական ինչ-որ մաս և այլն»:

Լարիսա Ալավերդյանը նաև շեշտեց՝ Հադրութի գյուղերի գերեվարված և պատանդ վերցվածների հարցը պետք է Հայաստանի կողմից ստանա նաև քաղաքական հնչեղություն, դա շատ կարևոր է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031