Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան». ԱԳ նախարար

Հունվար 14,2021 16:11

«Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, որի հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայող է վիրավորվել: Խստորեն դատապարտել ենք ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ այսօրվա աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով, որոնք վերաբերում են նաեւ առաջին եւ ութերորդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջությամբ դադարեցնեն կրակը եւ վերադարձնեն ռազմագերիներին, ձերբակալված անձանց»,-ասաց Արա Այվազյանը:

Նա հավելեց. «Որոշ դեպքերում խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը, որի հետեւանքով գերեվարվեց 64 զինծառայող: Այդ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումն ու քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ ժնեւյան կոնվենցիաները: Նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեւավորման ջանքերին, քանի որ դրա կարեւոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, ոչ թե պատանդառությունն ու հայատյացության շարունակությունը»:

Նախարարի խոսքով. «Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրը, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտարարել է հունվարի 11-ին. «Հայաստանը կշարունակի ջանքերը՝ բոլոր ռազմագերիների եւ պատանդների վերադարձի, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ ԱԳՆ-ն գործակցում է միջազգային գործընկերների հետ»:

Արա Այվազյանը նաեւ նշեց, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է. «Դեռեւս որեւէ հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի հետեւանքների վերացման համար: Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ հովանու ներքո շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան եւ այդ տարածքներից տեղահանված արցախահայության անվտանգ վերադարձի ապահովումը»:

Հավելենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր հերթին տեղեկացրեց՝ իրեն անհայտ պատճառներով հանդիպմանը չեն մասնակցում «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները, եւ հաշվի առնելով քննարկվող թեմաների կարեւորությունը՝ իր համար գործընկերների պահվածքն անհասկանալի է: Հանդիպման շարունակությունը լրագրողների համար փակ էր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031