Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այդ տարածքից չի հեռանալու, ոչ էլ մենք են հեռանալու». Արամ Սարգսյանը Փաշինյանի հետ քննարկել է գերիների եւ նոր երկաթգծի հարցերը

Հունվար 14,2021 15:40

Ինչպես ավելի ուշ պարզվեց` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն այսօր կառավարություն էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Սարգսյանը: Նրա խոսքով, քննարկել են գերիներին, տնտեսության զարգացմանը, ճանապարհներին, երկաթգծին վերաբերող հարցերը:

«Ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ եմ ունեցել եւ փորձել եմ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատել Արտակ Զեյնալյանի հետ։ Ամենաէականը տնտեսական խնդիրներն էին, այս իրավիճակում տնտեսությունը տեղից պոկելու հետ կապված, նաեւ՝ ճանապարհների, երկաթգծի վերաբերյալ: Որեւէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք՝ ուզում ենք փակ ապրել, որովհետեւ փակ ավելի ապահով է։ Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազմաթիվ հարցեր, խնդիրներ, բարդություններ ունի, որոնք պետք է նայել։ Սովետական միության տարիներին ապաշրջափակում էր, բայց Բաքու-Երեւան գնացքը որ անցնում էր, «Գեւորգ Մարզպետունի» կարդալուց հետո քարկոծում էինք։ Եղբայրս՝ Վազգենն էլ էր քարկոծում։ Խնդիր կա հոգեբանական, ազգային, բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանն այդ տարածքից չի հեռանալու, ոչ էլ մենք ենք հեռանալու։ Այնպես էլ չէ, որ սա բազմաբնակարան շենք է, մենք 3-րդ հարկում ենք, 4-րդ հարկի հարեւանը ջուր է լցնում գլխներիս, տունը վաճառեք, ուրիշ տեղ ապրենք»:

Նրա խոսքով, աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել. «Նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք Իրանի ու Թուրքիայի հետ, այդ փորձին էր ուզում ծանոթանալ»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ պետք է փորձել իրավիճակները հարթել. «Մեզ համար շահեկան կլինի, եթե ուժեղ պետություն, ուժեղ տնտեսություն ունենանք, կարողանանք ժամանակին հարիր զինենք բանակը: Բնականաբար, Ադրբեջանը կյանքում մեզ չէր հաղթի, եթե իրեն չօգներ Թուրքիան, եթե գերժամանակակից զենքեր չգներ։ Հետեւաբար, մենք էլ պետք է այդ հնարավորություններից օգտվենք։ Կարծում եմ, որ ունենք այդ հնարավորությունը»,-ասաց նա։

Հարցին՝ չի՞ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մոսկովյան այցից հետո հրաժարական ներկայացներ, քանի որ մինչեւ Մոսկվա մեկնելը նշում էր, որ մինչեւ գերիների ու պահվող անձանց հարցը չլուծվի, չի կարող խոսք լինել ճանապարհների մասին, սակայն նրա օրակարգը տապալվեց, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես տեսա, որ Մոսկվայում տապալվեց նաեւ Ադրբեջանի օրակարգը, որն ասում էր, թե Ղարաբաղի հարց չկա, այն լուծված է, եւ հղում էր անում ՌԴ նախագահին։ Երկրորդ՝ հանդիպումը եռակողմ էր, եւ դրան չէր մասնակցում Թուրքիան։ Դա վերջինիս համար լուրջ հարված էր։ Եթե մենք խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը այս պատերազմից հետո ավելի շատ զիջել ենք Ռուսաստանին, ապա Ադրբեջանը դեռ «տաք է», չի զգում, ինքը ոչ միայն Ռուսաստանին է զիջել, այլեւ Թուրքիային»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031