Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության ղեկավարը, որը տիրապետում է կազմակերպված բանակի ռեսուրսներին, ռազմավարական օբյեկտի պաշտպանության հարցով հանկարծ հարձակվում է կամավորական ջոկատի ղեկավարի վրա»

Հունվար 14,2021 15:36

Փաշինյանը կանգ չի առնում. սպասե՞լ պատասխանի

ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանին արտահերթ Հ1 ուղարկելը պայմանավորված էր մի կարևոր հանգամանքով. պատերազմի նախօրեին և պատերազմի օրերին կատարվածը բանահյուսությունից վերածվում է կոնկրետ մեղադրականի, կոնկրետ հանցագործության պատմության։

Երեք հարց, որոնք Փաշինյանին ուղեկցելու են ողջ կյանքում, իսկ կյանքից հետո՝ պատմության դասագրքերում.

ա/ Ինչո՞ւ բանակցությունները դիտավորյալ բերվեցին փակուղի

բ/  Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց

գ/  Ի՞նչ դավաճանական սխեմա է գործել

Այս հարցերն արդեն բանահյուսություն չեն, սրանք ամեն հայի տուն մտած մտքեր են, որոնք իրավաբանների և նախկին ուժայինների գրագետ քայլերի շնորհիվ ստացել են իրավական ձևակերպում։ Սրանից փախուստ այլևս հնարավոր չէ։

Սա գիտակցելով՝ Փաշինյանը Հ1 է ուղարկում իր եզակի «մահապարտներից» մեկին՝ ասելու բաներ, որոնք ուրիշները ոչ մի պայմաններում չէին ասի։

Ա. Քյարամյանը Շուշիի անկման հարցում մեղադրում է ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանին։ Հիշեցնենք, որ նույնը պատերազմից անմիջապես հետո արել էր Փաշինյանը, իսկ հաջորդ օրը նույն հարցում մեղադրել Ծառուկյանին։ Կողմնակի հայացքի համար կարող է ծիծաղելի թվալ, որ պետության ղեկավարը, որը տիրապետում է կազմակերպված բանակի ռեսուրսներին, ռազմավարական օբյեկտի պաշտպանության հարցով հանկարծ հարձակվում է կամավորական ջոկատի ղեկավարի վրա, որը մեծ հաշվով կարող էր ընդհանրապես որևէ տեղ չգնալ։ Ցանկացած բանական մարդու համար դա ծիծաղելի կլիներ, սակայն մթագնած գիտակցությամբ իշխանության համար սա դարձել է արդեն սովորական գործելաոճ։

Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա նման բան անում, ո՞րն է նրա մոտիվացիան. Պատասխանը մեկն է՝ վախը։ Նա հորինում է վարկածներ, գտնում իր նման անհեռանկարային դեմքի և ուղարկում Պետոյի մոտ։ Ինչո՞ւ է Քյարամյանը համաձայնում իր վրա վերցնել մի բան, որի համար անպայման պատասխան է տալու։ Պատասխանը դարձյալ պարզ է՝ ելք չունի։ Նա և Փաշինյանը կապված են նույն շղթաներով, իսկ հետո՝ ձեռնաշղթաներով։

Բայց կա մեկ այլ հարց, որն ավելի հետաքրքիր է։ Երբ դու մեկի դեմ նման կեղտոտ պատվեր ես իջեցնում, ապա պետք է հասկանաս, որ այդ մեկը ստանում է բոլոր բարոյական իրավունքները՝ քեզ ցավոտ պատասխանելու։ Տվյալ դեպքում այդ մեկը ԱԱԾ նախկին տնօրեն է. հետևաբար՝մարդ, որը տիրապետում է ահռելի տեղեկատվության և չունի սուտ հորինելու խնդիր, ընդամենը կարող է ճշմարտության թղթապանակից  հանել որևէ դրվագ և խնդրել ինչ-որ մեկին որևէ հեռուստաընկերության եթերից պատմել կամ հրապարակել որևէ մեդիայում։

Կա տպավորություն, որ Փաշինյանը չարաշահում է Վանեցյանի մասնագիտական և ինչ-որ տեղ՝ մարդկային կոդեքսները։ Ի վերջո,  «Կանգ առ»-ի հայտնի կոչից հետո հանրությունը Վանեցյանից ակնկալում էր բացահայտումներ, փաստացի տվյալներ՝ երկրում ընթացող սողացող կազմաքանդման կամ նույնիսկ սողացող դավադրության մասին։ Մի բան, որ այդպես էլ չարվեց։ Ինչ-որ տեղ Փաշինյանի պատվերի և Քյարամյանի լկտի ստի մեղավորը հենց Վանեցյանն է. նրա՝ քայլ չանելը թույլ տվեց, որ այսօր պարտված և ազգային աղետ հեղինակած զույգը կարողանում է եթեր պլանավորել և կեղծիք տարածել։ Եվ նրանք դա անելու են այնքան, որքան թույլ կտան դիմացինները։

Ժամանակները ֆորսմաժորային են, և դա պահանջում է որոշակի սկզբունքների վերանայում։

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031