Լրահոս
Օրվա լրահոսը

LՂ պատերազմում երկու կողմերն էլ խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը. Amnesty International

Հունվար 14,2021 14:45

2020թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի  շուրջ սկսված 44-օրյա պատերազմում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական զինված ուժերը անհամաչափ և կամայական հարձակումներ են իրականացրել, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Այս մասին ասվում է Amnesty International միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցում:

Դրանում նշվում է, որ երկու կողմերն էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ անկանոն կերպով կիրառել են ոչ ճշգրիտ զենք, այդ թվում միջազգային օրենքով արգելված կասետային զինամթերք՝ այդպիսով սպանելով և վիրավորելով հարյուրավոր խաղաղ բնակիչների:

Հակամարտության ժամանակ առավել շատ զոհ գրանցվել է զինվորների շրջանում՝ երկու կողմերից մոտ 5000 զոհ: Առնվազն 94 ադրբեջանցի զոհվել է հայկական կողմի հարվածներից Բաքվի վերահսկողության տակ գտնվող գյուղերում և քաղաքներում, իսկ ադրբեջանական կողմի հարվածներից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում զոհվել մոտ 52 մարդ, ասվում է զեկույցում:

Զեկույցում նաև նշվում է, որ երկու կողմերն էլ կիրառել են բալիստիկ հրթիռներ, չկառավարվող հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՀՀ), Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվել են անօդաչուներ: «Չնայած անհերքելի ապացույցներին՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները հերքում են քաղաքացիական բնակավայրերի վրա ոչ ընտրողական հարվածները և կասետային զինամթերքի կիրառումը»,- փաստում են զեկույցի հեղինակները:

Երկու երկրների իշխանությունները նաև միմյանց մեղադրում են քաղաքացիական բնակավայրերից հարվածներ հասցնելու մեջ, բայց նման դեպքերի ապացույցներ չեն ներկայացրել: Amnesty International-ը տեղում ուսումնասիրություն է անցկացրել 2020թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, փաստագրել է քաղաքացիական բնակավայրերի վրա (որտեղ ռազմական օբյեկտներ չեն նկատվել) հայկական և ադրբեջանական կողմից հասցված հարվածները: Քաղաքացիական բնակավայրերի վրա նման հարվածների հաճախակի բնույթը ցույց է տալիս, որ դրանք եղել են ոչ թե պատահական, այլ ընդհակառակը, կրել են դիտավորյալ բնույթ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել և վախեցնել հակառակ կողմին: Կառավարություններից ոչ մեկը չի կարող համոզիչ կերպով պնդել, որ տեղեկացված չեն եղել, որ իրենց կողմից օգտագործվող ոչ ճշգրիտ զենքը կամ կամայական հարվածները վտանգի տակ են դրել քաղաքացիների կյանքը, կարծում են իրավապաշտպան կազմակերպության փորձագետները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031