«Հայաստանը պատերազմում կրած պարտության և կապիտուլյացիայի հետևանքով չկարողացավ ունենալ ներքին դիմադրողականություն, ուժ ու ռեսուրս, որ պահպանի սուվերենությունն իր սահմանների գծանշման հարցում»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նա շարունակեց. «Գոնե կարող էր կիսատ կապիտուլյացիա լինել, օրինակ՝ ՀՀ-ն ճանաչել, որ Քաշաթաղի շրջանն այլևս հայկական չէ, բայց գոնե մենք մասնակից լինեինք այդ սահմանների գծմանը»:
Էդգար Էլբակյանը մտահոգված է՝ ունենք երկարաժամկետ անվտանգային խնդիրներ:
Կապիտուլյացիայից հետո ստեղծված նոր սահմանային իրավիճակի առիթով նա ասաց. «Ընդունելով, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ժամանակավորապես դեօկուպացված է Ադրբեջանի կողմից, պիտի ընդունենք, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի նոր արևելյան սահմանները դե ֆակտո սահմաններն են: Չմտնենք այն իշխանական դիսկուրսի դաշտ, որ դա արդեն սահման է, այլ ասենք, որ դե ֆակտո սահման է: Տավուշում, Նախիջևանի հատվածում հայկական զինված ուժերը քիչ թե շատ պահպանել են իրենց նախապատերազմական շրջանի մարտունակությունը: Գեղարքունիքի, սյունիքյան հատվածում մենք ունենք մի վիճակ, երբ ՀՀ-ն կապիտուլյացիայի հետևանքով չկարողացավ իր սահմանների թեկուզ այն տարածքով գծանշումներ անել, որոնք կային մինչև սեպտեմբերի 26-ը: Սեպտեմբերի 26-ին ոչ մեկը չէր ասում, որ Տեղ գյուղից այն կողմ ամեն ինչ Ադրբեջան է: Այդ ժամանակ Արցախ էր: Հայաստանին պարտադրվեց, որ ընդունվի խորհրդային ժամանակների տրամաբանությունը, բայց նաև ՀՀ-ն ստիպված եղավ ընդունել խորհրդային շրջանի դեմարկացիոն իրականությունը. այն, ինչ կա խորհրդային գլխավոր շտաբի քարտեզում»:
Կարդացեք նաև
ՀՀ իշխանությանը քննադատողներին հաճախ որպես հակափաստարկ է բերվում, թե ինչո՞ւ 1994-ին Ադրբեջանին կապիտուլյացիայի չենթարկեցին: Այս առիթով Էդգար Էլբակյանն ասաց. «1994-ին մենք Ադրբեջանին չէինք կարող կապիտուլյացիայի ենթարկել, դրա համար իրենք մեզ հետ հավասարը հավասարի հետ էին խոսում: Երեք տարի առաջ մոսկովյան բանակցությունների տեսագրությունը հրապարակվեց՝ 1994-ի մայիսի, որտեղ Ադրբեջանի պատվիրակը շատ վերամբարձ տոնով ասում է՝ հիմա խոսենք տարածքների վերադարձի մասին: Իրենք պարտված, բայց խոսում էին վերադարձի մասին: Եթե չլիներ Կարեն Դեմիրճյանի հակազդեցությունը, հիմա Խնձորեսկում էլ էինք խնդիրներ ունենալու»:
Էդգար Էլբակյանը զգուշացրեց՝ մենք գործ ունեն թշնամու հետ, որն այս վիճակն էլ չի ընդունում և մինչև վերջ ցանկանալու է այսպես ասած, «դաբիտ» անել: Նա նաև շեշտեց. «Կորցրել ենք Երևանից դեպի ՀՀ հարավ տանող ճանապարհի հանդեպ սուվերենությունը: Օրինակ՝ եթե ադրբեջանցիները Էվազլուում դնեն մաքսակետ, մենք ի՞նչ ենք անելու: Մեկ կիլոմետր էլ չէ, երևի՝ մի քանի հարյուր մետր, բայց կարող են ասել՝ ՀՀ-ից եկող բեռնատարները այդտեղ պետք է մաքսազերծվեն և ճանապարհը շարունակեն դեպի Մեղրի: Ոչ մի բան այդ դեպքում ՀՀ-ն ի վիճակի չէ անել, քանի որ հայտնվել է այդ իրավիճակում: Շրջանցող ճանապարհ կարելի է կառուցել, բայց դա շատ երկար է: Դրանով, միգուցե, էլ երբևէ ոչ մեկը չերթևեկի, եթե այս երկաթգծային հանգույցներն իրականություն դառնան, չի բացառվում իրանական բեռնափոխադրումների մի մասը, որ ՀՀ-ով գնում էր Վրաստան, կրճատվի, սկսեն այդ երկաթուղիով գնալ՝ ավելի հարմար ու էժան: Այդ ճանապարհը պետքական է լինելու մեզ՝ հայերիս համար ու լինելու է ադրբեջանական վերահսկողության տակ, եթե մի հատվածն իրենցն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ