«Հանդիպումն անցավ կառուցողական հարցուպատասխանի մթնոլորտում: Բարձրաձայնել ենք մեզ մտահոգող բոլոր հարցերը, տրվել են հիմնականում սպառիչ եւ անկեղծ պատասխաններ»,-խորհրդարանում այսօր «Իմ քայլի» կողմից ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Գագիկ Ջհանգիրյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպման ավարտին լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Բնականաբար, խմբակցության անդամները կունենան տարբեր մոտեցումներ թեկնածության վերաբերյալ, բայց քանի որ այսօրվա հանդիպմանը խմբակցության ոչ բոլոր անդամներն էին ներկա, հարցը լրացուցիչ պետք է քննարկենք, թե ինչ որոշում ենք կայացնելու Գագիկ Ջհանգիրյանի առնչությամբ»,-հավելեց Անի Սամսոնյանը:
Նա նշեց, որ սեփական թեկնածուի առաջադրելու վերաբերյալ որոշում չունեն. «Բայց չենք բացառում»:
Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ իրավաբանների հանրության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ Ջհանգիրյանի տարիքային շեմը հատել է՝ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու համար, Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ այդ մտահոգության մասին եւս խոսել են Գագիկ Ջհանգիրյանի հետ. «Նա մեջբերել է օրենքի այն հոդվածները, ըստ որոնց՝ ըստ էության, իր առաջադրման հետ կապված խնդիր չկա: Հարցը քննարկել ենք նաեւ մեր խմբակցության իրավաբանների հետ եւ եզրակացրել, որ օրենքի մեկնաբանության խնդիր կա: Մենք նրա լեգիտիմությունը կասկածի տակ չենք դնում, որովհետեւ օրենքի մեկնաբանման հարց կա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ