«Դուք երեկ տեռոր եք արել իմ դեմ: Մի հատ աղջիկ կար՝ քիչ էր մնում ավտոմատը հաներ եւ ինձ գնդակահարեր: Երեւի դա ավելի շահավետ կլիներ»,-խորհրդարանում այսօր լրագրողներին այսպես դիմեց ԲԴԽ անդամի թեկնածու, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նա նկատի ուներ երեկվա ճեպազրույցը, երբ լրագրողները նրան հարցեր էին հղել իր առաջադրման, նախկինում քննած գործերի եւ իշխանության հետ հարաբերությունների մասին:
Այսօր Գագիկ Ջհանգիրյանը լրագրողներին հարցերին պատասխանելուն տրամադրված չէր, ասաց, որ կպատասխանի միայն նախկինում չհնչած հարցերին: «Ես երեկ համբերատար դիմացել եմ 4-րդ իշխանության տեռորիստական ակտին: Խնդրում եմ այսօր ինձ բաց թողեք»,-կոչ արեց նա:
Նշենք, որ Ջհանգիրյանի նշյալ որակումները վերաբերում էին Yerevan.today-ի լրագրող Սյուզի Բադոյանին, որի եւ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ երեկ միջադեպ էր տեղի ունեցել: Գագիկ Ջհանգիրյանի ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանը, ինչպես Սյուզի Բադոյանն է ասել, քաշել է իր թեւից եւ խոչընդոտել իր աշխատանքը:
Ավելի ուշ խորհրդարանում Հայկ Սարգսյանը որակումներ էր արել լրագրողի աշխատանքի եւ աշխատավայրի մասին, խլել նրա խոսափողը եւ որոշ ժամանակ անց վերադարձնել՝ ասելով, որ ներողություն չի խնդրելու:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ