«ԲԴԽ-ի արտահայտած այն կարծիքի վերաբերյալ կուզենայի հայտարարություն անել, թե իրավաբան-գիտնականը տարիքային սահմանափակման տակ է ընկնում: Կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել եւ խնդիրն իրավաբանական տեսանկյունից քննարկել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, նախկին զինդատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հարցազրույցներում հայտարարել է, որ իշխանությունն ուզում է իր փոխարեն Գագիկ Ջհանգիրյանին կարգել ԲԴԽ նախագահ եւ դա անում է օրենքի խախտմամբ, որովհետեւ իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում կա: «Իմ քայլի» կողմից որպես թեկնածու առաջադրված Ջհանգիրյանն էլ երեկ խորհուրդ էր տվել դատական օրենսգիրքն ուսումնասիրել եւ պնդել էր, որ իրավաբան-գիտնականի համար չկա տարիքային շեմ:
Ջհանգիրյանը շարունակեց հայտարարությունը. «Ինչո՞ւ: Որովհետեւ եթե իրենք (նկատի ունի ԲԴԽ անդամները.-խմբ.) այսօր հայտարարում են, որ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի՝ այդ պաշտոնում ընտրվելը հակասահմանադրական է եղել եւ հակասել դատական օրենսգրքին, դա նշանակում է, որ ԲԴԽ կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները հակասահմանադրական են: Ավելին՝ այդ դատարաններն ու դատավորները ոչ պատշաճ են: Հետեւաբար, այս երկու տարում նրանց արձակած բոլոր ակտերն ու որոշումները բեկանելի են եւ ապօրինի: Կոչ եմ անում խնդրին մեկ անգամ էլ անդրադառնալ՝ որպես անկաշառ իրավաբաններ: Ինձ էլ եթե հրավիրեն, կգնամ քննարկմանը»:
Ինչ վերաբերում է Լուսավոր Հայաստանի հետ հանդիպմանը՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Կարծում եմ՝ նրանց բոլոր կասկածները փարատեցի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ