Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Գնել Գասպարյանը անգործությա՞ն է մատնված․ահազանգում է փաստաբանը

Հունվար 14,2021 13:14

2020 թվականի հունիսի 1-ից կալանքի տակ գտնվող մեղրեցի Արթուր Սահակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) եւ 147 հոդվածի 2-րդ մասի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հատկանիշներով։ Ըստ քրեական գործի, Արթուր Սահակյանը Մեղրի քաղաքի բնակչուհի Ք․ Ա․-ի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան, ինչպես նաեւ սպանության եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու իրական սպառնալիքներ է տվել նրան:

Մինչեւ օրս ամբաստանյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Համլետ Դավթյանը պայքարում է փոխելու Արթուր Սահակյանի խափանման միջոցը՝ կալանքը։ Սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը միշտ մերժում է։ Ու սա այն դեպքում, երբ Սահակյանին առաջադրված մեղադրանքները դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, երկու հոդվածների համար առավելագույնը նախատեսված է երկուական տարի ազատազրկում։

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Համլետ Դավթյան

«Դրանցից մեկը, ընդ որում, մասնավոր գանգատի հիման վրա հարուցված գործ է, ինչը չի բացառում հաշտվելու դեպքում կարճելու հավանականությունը։ Նույնիսկ մեղադրական դատավճռի դեպքում, ռեցեդիվի առկայությամբ պատիժ նշանակելիս ելնելով պատժի խորությունից՝ լրանում է Արթուրին պատժից՝ պայմանական վաղաժամկետ ազատելու հետ կապված կալանքի տակ գտնվելու ժամկետը»,–ասում է Համլետ Դավթյանը։

Ի դեպ, նշենք, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված քրեական նոր օրենսգրքով՝ Արթուր Սահակյանին առաջադրված մեղադրանքի մի հոդվածով ազատազրկման ձեւով պատիժ ընդհանրապես նախատեսված չէ, իսկ մյուսով նախատեսվում է այլընտրանքային պատժատեսակ, ինչպես նաեւ ռեցեդիվի առկայության պայմաններում պատիժ նշանակելու կարգը փոխվել է ի նպաստ ամբաստանյալի ։

Համլետ Դավթյանը 15 տարի դատավոր է աշխատել եւ չի կարողանում հասկանալ այն սկզբունքները, թե ինչպես են աշխատում ներկայիս որոշ դատավորներ։ Փաստաբանը, վերջին անգամ, անցած տարվա նոյեմբերի 30-ին դիմել է դատարան՝ միջնորդելով՝ փոխել իր վստահորդի խափանմանը միջոցը՝ Արթուր Սահակյանի նկատմամբ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ համապատասխան գրավ։ Նման միջնորդությունները, ըստ գործող կանոնակարգի, դատարանը պետք է քննի անհապաղ, ողջամիտ ժամկետում։ Սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը չի քննել միջնորդությունը, ինչը օրենքի խախտում է։

Համլետ Դավթյանը 2020թ-ի դեկտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով դիմել է դատարան՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով այդ հանգամանքի վրա։ Փաստաբանի խոսքով՝ հարցն այն չէ, թե իր վստահորդի խափանման միջոցը կփոխեն, թե կմերժեն, հարցն այստեղ օրենքի կետն ապահովելն է։

Ի դեպ, վեցուկես ամիս կալանքի տակ պահվող Արթուր Սահակյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ «Ու այս պարագայում խոսում ենք արդարադատությունից, դատարանների անաչառությունից եւ մարդու իրավունքներից»,-ասում է Համլետ Դավթյանը՝ նշելով, որ մտադիր է դատավորի անգործության մասին տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին, արդարադատության նախարարին։

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կալանավորված յուրաքանչյուր անձ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչեւ դատաքննությունն ավարտելը ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորված լինել դատաքննությանը ներկայանալու երաշխիքով։ Նույն հոդվածի 4-րդ մասով՝ ձերբակալման կամ կալանավորման պատճառով ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում։ «Իսկ եթե որոշ դատավորներ, մեղմ ասած, արհամարհում են մարդու ազատության հետ կապված այս իրավունքը, ապա չի բացառվում, որ դա ՄԻԵԴ–ում՝ վատ հետեւանք ունենա Հայաստանի դատական համակարգի հեղինակության վրա»,-Aravot.am-ին ասաց Համլետ Դավթյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031