Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ր մարզային հեռուստաընկերությունները կստանան լիցենզիա և որո՞նք պարտվեցին մրցույթում. ՀՌՀ-ն ամփոփեց քվեարկության արդյունքները

Հունվար 14,2021 12:50

ՀՌՀ անդամների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթեց Արագածոտնի մարզից «Դելտա թիվի» ՍՊԸ-ն, Արմավիրում՝ «Արանեա» ԱՊԸ-ն, Լոռիում՝ «Ֆորտունա» ՍՊԸ-ն և Շիրակի մարզում «Ցայգ ՍՊԸ»-ն:

Հունվարի 14-ին վերսկսվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ)՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթների նիստը։

Վարկանիշային քվեարկությամբ կատարվեց մրցույթում հաղթող հեռուստաընկերությունների ընտրությունը:

Մրցութային հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզի մի շարք հեռուստաընկերություններ:

Մրցույթին չեն դիմել միայն Արարատի և Վայոց ձորի մարզերից: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց. «Մենք նոր մրցույթ էինք հայտարարել, որն ավարտվելու է փետրվարի 1-ին: Եթե հայտատուներ լինեն Վայոց ձորից և Արարատի մարզերից, հանձնաժողովը միայն ուրախ կլինի: Հանձնաժողովը, անդամները հատկապես կարևորում են մարզային հեռարձակումը, որը կարևոր առաքելություն է կատարում»:

Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցում են «Պրոգրես մեդիա» ՍՊԸ և «Դելտա թիվի» ՍՊԸ-ն, Արմավիրի մարզից «Ալտ հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն, «Արանեա» ԱՊԸ-ն, Գեղարքունիքի մարզից կա մեկ մասնակից՝ «Գեղամա մեդիա հոլդինգը», Լոռու մարզից «Ֆորտունա» ՍՊԸ, «Անկյուն գումարած 3» ՍՊԸ-ն և «Լոռի թիվի» ՍՊԸ-ն, Կոտայքի մարզից մեկ մասնակից «Կոտայք թիվի» ՍՊԸ-ն, Շիրակի մարզից «Շանթ թիմ» ՍՊԸ-ն և «Ցայգ ՍՊԸ»-ն, Սյունիքի մարզից «Զագեձոր հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն, Տավուշի մարզից «Տավուշ մեդիա» ՍՊԸ-ն:

Քվեարկության կարգի մասին Տիգրան Հակոբյանը մանրամասնեց. «Այս անգամ մրցույթը մենք անցկացրել ենք ըստ նոր օրենքի՝ Տեսալսողական մեդիայի մասին և ՀՌՀ կողմից մշակված նոր կարգերի, որտեղ կիրառվելու է հատուկ չափորոշիչներին համապատասխան բալային համակարգ: Հեռուստաընկերությունները գնահատվում են վեց չափորոշիչներով, յուրաքանչյուրը՝ 0-20 միավորով և մեկ ուղեցուցային չափորոշիչով, որը կիրառվում է գործող հեռուստաընկերությունների համար»:

ՀՌՀ նախագահը վստահեցրեց՝ որևէ ազդեցություն իրենց որոշումների վրա չկա ու հայտարարեց. «Որևէ կանխորոշում ընկերական շրջանակների միջոցով, վարչական ռեսուրսի, քաղաքական շահարկումների միջոցով այս պահի դրությամբ չի եղել: Բնական է՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի իր տեսլականը, իր գնահատման չափորոշիչները, և մեր մոտեցումները կարող են տարբերվել: Ուզում եմ հավաստիացնել՝ մի բանում միակարծիք ենք, հանրային մուլտիպլեքսը Հայաստանի այն սուվերեն ազգային մեդիա հարթակն է, որտեղ բոլոր հեռուստաընկերությունները պետք է փորձեն արտացոլել բոլոր ծրագրերը և հանրային պահանջմունքները՝ պահպանելով էթիկայի պահանջները, առաջնություն տալով ազգային օրակարգին, նպաստելով ազգային ինքնության մշակմանը և դրանով կատարելով ՀՀ քաղաքացուն նաև դաստիարակելու կարևորագույն առաքելությունը»:

Տիգրան Հակոբյանը հորդորեց լիցենզիայից զրկվել են արտահայտությունը չօգտագործել և պարզաբանեց՝ նման խնդիր դրված չէ: Նրա հավաստիացմամբ՝ որևէ մեկը լիցենզավորումից չի զրկվում, պարզապես տասը տարվա լիցենզիան ավարտվում է, և հանձնաժողովը նոր լիցենզիաներ է տրամադրում:

Մրցույթի մասնակցած, միավորների քիչ տոկոս հավաքած հեռուստաընկերությունն ընդհանրապես սլոթ չի ստանում: Միավորների նվազագույն շեմը, որ պետք է հավաքի հեռուստաընկերությունը, որ սլոթ ստանա, 280-նն է, իսկ առավելագույնը՝ 840-նն է:

Մրցույթ եղավ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում: Մրցույթի արդյունքներով՝ Արագածոտնի մարզից «Պրոգրես մեդիա» ՍՊԸ-ն ստացավ 619, «Դելտա թիվի» ՍՊԸ-ն՝ 674, Արմավիրի մարզից «Ալտ հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն 292, «Արանեա» ԱՊԸ-ն 435, Գեղարքունիքի մարզից «Գեղամա մեդիա հոլդինգը» 622, Լոռու մարզից «Ֆորտունա» ՍՊԸ-ն 673, «Անկյուն գումարած 3» ՍՊԸ-ն 482 և «Լոռի թիվի» ՍՊԸ-ն 529, Կոտայքի մարզից «Կոտայք թիվի» ՍՊԸ-ն 498, Շիրակի մարզից «Շանթ թիմ» ՍՊԸ-ն 492 և «Ցայգ ՍՊԸ»-ն 559, Սյունիքի մարզից «Զագեձոր հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն 573, Տավուշի մարզից «Տավուշ մեդիա» ՍՊԸ-ն 502 միավոր:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031