Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ զինդատախազը Արցախում հանդիպել է ՌԴ դատախազության աշխատակիցներին

Հունվար 14,2021 12:55

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետությունում ՌԴ ԶՈւ խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին։

Վահե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով և բարեխղճորեն իրականացնելու համար՝ շեշտելով դրա կարևորությունը Արցախում խաղաղապահ ուժերի բնականոն գործունեության, Արցախի բնակչության անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից։

ՀՀ զինվորական դատախազը նրանց է փոխանցել պարգևները, որոնց վերջիններս արժանացել են ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ դատախազության նշված 4 աշխատակիցները Արցախի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման և ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվել էին «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, կամ «Հայաստանի Հանրապետություն» կրծքանշանով:

ՀՀ զինվորական դատախազը նշել է, որ նրանց բարեխիղճ աշխատանքը նաև նպաստում է ՀՀ և ՌԴ դատախազության մարմինների հարաբերությունների սերտացմանը, ինչի համար կարևոր խթան է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ կայացած հանդիպումն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այդ պայմանավորվածությունների շրջանակներում ակտիվ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու, մինչ այդ նրանց անվտանգության, առաջնային կենսական իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով։

Արցախա-ադրբեջանական շփման գծում զինադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ դրանք նվազագույնի հասցնելու, իրավիճակի վերահսկելիության երաշխավորման տեսանկյունից կարևորվել է նաև ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում այդպիսի դեպքերի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու, դրանց համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը։

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031