TV5 հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք պետք է հետաքրքրեին իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ դատախազությանը, եւ հետաքրքրելուց զատ՝ դրանք պիտի քրեական գործ հարուցելու առիթ հանդիսանային։
Այս թեմայով մենք զրուցեցինք Րաֆֆի Ասլանյանի հետ, ով 2016-18 թթ. Երեւանի դատախազն էր՝ Գեւորգ Կոստանյանի օրոք, ապա՝ մինչեւ 2020 թվական աշխատել է դատախազությունում, նաեւ Արթուր Դավթյանի օրոք՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եւ դուրս է եկել դատախազությունից Դավթյանի հետ ունեցած երկարատեւ կոնֆլիկտի պատճառով։ Այժմ զբաղվում է փաստաբանությամբ։
Պատերազմի ընթացքը կասեցնելու վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրենի արած հայտարարության առնչությամբ նա ասաց հետեւյալը․ «Նախ՝ պատերազմի ընթացքն ու հանգամանքները, առհասարակ, պետք է քննության առարկա դարձվեն քրեական գործի շրջանակներում։ Սա այս պահին գոնե պարտադիր կատարման ենթակա իրադարձություն պետք է լինի։ Եվ այդ ենթադրյալ քրեական գործով քննության առարկա պետք է դառնան նաեւ Միքայել Համբարձումյանի կողմից նշված բոլոր հանգամանքները։ Հետեւաբար, այս պահին ասել, թե երկրի ղեկավարը գործել է անզգուշությամբ, թե դիտավորությամբ, այսինքն՝ նրա մեղքի ձեւի մասին եզրահանգումներ անելը սխալ կլինի։ Ես՝ ինքս, սակայն, թերահավատ եմ, որ էդպիսի նախաքննություն կարող է իրականացվել գործող իշխանության գոյության պայմաններում, քանի որ օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն՝ վարույթն իրականացնող մարմինը կունենա կաշկանդվածություն։ Ես այն կարծիքին եմ, որ, այնուամենայնիվ, քրեական վարույթ պետք է այս բոլոր հանգամանքների շուրջ իրականացվի՝ գոնե փաստի առթիվ, հակառակ դեպքում յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած եզրահանգման գալ»։
– Դուք աշխատել եք Արթուր Դավթյանի հետ, թերեւս կարող եք ասել՝ ինչո՞ւ են Դավթյանին մեղադրում օրվա իշխանությանը ծառայելու, այս դեպքում՝ Փաշինյանի քաղաքական հանձնարարություններն ու ցանկությունները կատարելու մեջ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է կաշկանդված Արթուր Դավթյանը, որ չի կարողանում ազատ գործել ու, եթե պետք է, նաեւ քրգործ հարուցել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։
Կարդացեք նաև
– Գիտե՞ք, Դավթյանի վարքագծի, հատկապես հետհեղափոխական վարքագծի գնահատականը պետք է տա հասարակությունը։ Բայց դրանում պետք է մեղադրել ոչ միայն Արթուր Դավթյանին, այլեւ իրավապահ կառույցների բոլոր ղեկավարներին։ Արթուր Դավթյանն այստեղ բացառություն չէ։ Մենք պետք է նաեւ մի բան հասկանանք, որ իրավապահ կառույցներն այդ իմաստով որոշակի խնդիր ունեցել են նաեւ նախկինում։ Թե ինչու է խնդիրը հիմա ավելի ցայտուն, որովհետեւ, ցավոք սրտի, երկրի նոր ղեկավարն ավելի շատ է միջամտում քրեական արդարադատությանը։ Այսինքն՝ իրավապահ կառույցներն իրեն ծառայեցնելու ղեկավարի նկրտումներից է կախված էս ամեն ինչը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: