ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ այդ երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որին արդեն երկրորդ անգամ իմփիչմենթ են հայտարարել: Սենատում, որտեղ պետք է հաստատեն այդ որոշում, խոստանում են, որ կքննարկեն այդ մեղադրանքը արդեն նոր նախագահի երդմնակալությունից հետո, հաղորդում է BBC-ն:
Չորեքշաբթի երեկոյան Կոնգրեսում կատարեցին իրենց խոստումը՝ հնարավորինս արագ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ: Ընդամենը մի քանի ժամում Ներկայացուցիչների պալատը քննարկեց և հաստատեց Թրամփի դեմ մեղադրանքի միակ հոդվածը՝ նրան մեղավոր հայտարարելով խռովություն հրահրելու մեջ:
Իմփիչմենթն ուժի մեջ մտավ այն բանից հետո, երբ փաստաթուղթը ստորագրեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Սակայն վերջնական որոշումը պետք է ընդունի Սենատը:
Քննարկման ժամանակ Կապիտոլիումի շենքում էին տեղակայվել ԱՄՆ Ազգային գվարդիայի 15 հազար զինծառայողներ: Որոշ պատգամավորներ նկատեցին անգամ, որ այդ շենքում ավելի շատ ամերիկյան զորք կա, քան Իրաքում և Աֆղանստանում:
Կարդացեք նաև
Կոնգրեսում բոլոր դեմոկրատների դիրքորոշումը նախապես հայտնի էր, և քվեարկության ժամանակ էլ կուսակցության գծից ոչ մեկ չշեղվեց: Մինչդեռ 10 հանրապետականներ շեղվեցին իրենց կուսակցության դիրքորոշումից՝ կողմ քվեարկելով Թրամփի իմփիչմենթին: Նրանց թվում էր Վայոմինգից Կոնգրեսի անդամ Լիզ Չեյնին, որը համարվում է Հանրապետականների հիերարխիայի երրորդ դեմքը:
Իմփիչմենթի փաստաթղթին կողմ են քվեարկել 232, դեմ՝ 197 կոնգրեսական, ևս 4-ը զերծ են մնացել քվեարկությունից կամ բացակայել են նիստից:
Արդեն քվեարկության ավարտից հետո Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մաքքոնելը հայտարարեց, որ Վերին պալատը չի կարող քննարկել Թրամփի դեմ մեղադրանքները նախքան հունվարի 20-ին սպասվող երդմնակալությունը:
«Անգամ եթե այս շաբաթ Սենատում սկսվի գործընթաց և արագ ընթանա, մենք չենք կարող վերջնական որոշում կայացնել նախքան Թրամփը կլքի պաշտոնը: Ե՛ս չեմ նման որոշումներ կայացնում, այդպիսին են փաստերը»,- ասել է նա:
Սպիտակ տանն առայժմ հրաժարվում են այս թեմայով որևէ մեկնաբանությունից:
Ինքը Թրամփը չորեքշաբթի գտնվում էր Սպիտակ տանը և ըստ որոշ տեղեկությունների, ուղիղ հեռարձակմամբ հետևել է իմփիչմենթի քննարկումներին: Ավելի ուշ նա Սպիտակ տան թվիթերյան էջում տեսաուղերձ է տեղադրել, որում կոշտ քննադատության է ենթարկել Կապիտոլիումի վրա հարձակումը:
«Բռնությունը և վանդալիզմը տեղ չունեն մեր երկրում և մեր շարժման մեջ,- ասել է նա:- Աջ եք դուք, թե ձախ, դեմոկրատ, թե հանրապետական՝ բռնությունն արդարացում չունի: Ո՛չ մի արդարացում: Ամերիկան օրենքների երկիր է: Նրանք, ովքեր անցյալ շաբաթ մասնակցել են այդ հարձակմանը, պատասխանատվության կենթարկվեն»:
Նրա խոսքով՝ գաղտնի ծառայություններից իրեն հայտնել են, որ առաջիկայում նոր ցույցեր են սպասվում Վաշինգտոնում և երկրի այլ հատվածներում: «Յուրաքանչյուր ամերիկացի իրավունք ունի, որպեսզի իր ձայնի լսելի լինի, բայց հարգալից, խաղաղ ճանապարհով… Բայց ես ընդգծում եմ, որ չպետք է լինի բռնություն, օրենքի խախտում և ցանկացած տեսակի վանդալիզմ: Յուրաքանչյուրը պետք է հետևի օրենքին և ենթարկվի իրավապահների հրահանգներին»,- ասել է Թրամփը:
Ուշագրավ է, որ իր ելույթում նա որևէ կերպ չի հիշատակել Ներկայացուցիչների պալատի՝ իմփիչմենթի որոշումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
— The White House (@WhiteHouse) January 13, 2021