Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատրաստվում լքել երկիրը»

Հունվար 14,2021 12:30

Ասում է կամերային թատրոնի դերասան-ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը

– Թատրոն… աշխարհ, որտեղ պատկերացումներն ու կյանքն այլ են, որտեղ կերպարդ առանձնահատկություններով է դրսեւորվում։ Այդ աշխարհն ինչպե՞ս բացվեց քո առաջ։

– Թատրոնի աշխարհն իմ առաջ բացվել է շատ վաղ հասակում։ Ես այդ դրվագին նույնիսկ անդրադարձել եմ իմ «Անտեսանելին» մոնոներկայացման մեջ։ Առաջին անգամ հեռուստացույցով եմ դիտել ներկայացում, 4 տարեկանում։

Այդ ժամանակների ամենատարածված ներկայացումն էր` «Խաթաբալադան», որն, ի դեպ, շատ արդիական է մեր օրերում։

Հանուն ազնվության պետք է ասեմ, որ այդ տարիքում, իհարկե, ոչինչ չհասկացա, բայց սերը ենթագիտակցորեն ծնվեց առ թատրոն։

– Ժամանակը մտահոգի՞չ է քեզ համար։ Ունե՞ս խիստ բանաձեւումներ` քո կյանքի փուլերի համար։

– Ժամանակը ազատությունից հետո թերեւս ամենակարեւորն է իմ կյանքում։ Անկեղծ ասած, ինձ մոտ միշտ կա տագնապ` ինչ-որ բան չհասցնելու, կիսատ թողնելու։ Այդ պատճառով թանկ եմ գնահատում անգամ ամեն մի միլիվայրկյանը։ Երեւի հենց դրա շնորհիվ է, որ հետհայացք նետելուց նկատում եմ, որ բավական բան եմ հասցրել անել։ Իսկ կյանքի փուլերի համար եւ առհասարակ չունեմ սահմանափակող եւ ոչ մի բանաձեւում։ Եթե առջեւումդ ճանապարհ է, էական չէ, թե կանգառները ինչպես կանվանես, էական է ճանապարհն անցնելը, հաղթահարելը, նվաճելը։

– Ե՞րբ ես հաղթում քո «ես»-ին։

– Ինձ ճանաչող մարդիկ կփաստեն, որ եսակենտրոն չեմ։ Ինձ մոտ «ես»-ը միայն ստեղծագործական կյանքում է պահանջներ առաջադրում` լինել ազնիվ ինքս իմ եւ հանդիսականի առաջ։

– Բեմ եւ իրական աշխարհ։ Իրարից տարբերվող, բայց միեւնույն ժամանակ ոչնչով չառանձնացող, որովհետեւ երկուսն էլ ժամանակի մեջ տեղավորվում են։ Քո դիտարկումը։

– Բեմը կյանքի հայելին չէ, ինչպես պնդում են շատերը, այլ խոշորացույցը։ Դեռ շատ տարիներ առաջ Ստանիսլավսկին է ասել։ Բեմը չի կարող կտրված լինել իրական աշխարհից, բայց եւ միեւնույն ժամանակ չի կարող նույնությամբ արտացոլել այն, որովհետեւ կկորցնի իր արժեքը։ Շատ վտանգավոր սահման է իրականությունից փախչող ստի եւ իրականությանը կառչած կենցաղի միջեւ։ Հավասարակշռությունը խախտելու դեպքում կորցնում ենք թատրոնի իրական ազդեցությունը։ Իսկ իմ ներկայացումները հիմնականում կառուցվում են հենց այս սկզբունքի վրա։ Թեմաները ընտրում եմ շփվելով հասարակության հետ, փորձելով գտնել առավել հուզող հարցերը, որոնք կարող են նյութ դառնալ ստեղծագործելու համար։

– Ե՞րբ ես զգում ուժ, որին երկար ես սպասել։

– Զարմանալի մի բան։ Իմ մեջ ուժ եմ զգում այն ժամանակ, երբ քչերն են հավատում, որ կհաջողեմ։ Շատերը նման դեպքերում կորցնում են իրենց, թուլանում, իսկ ինձ ընդհակառակը մոտիվացնում է։ Ի վերջո արվեստում ինքդ քեզ շատ բաներ ապացուցելը անվերջանալի մի գործընթաց է, որն ամեն անգամ ստուգում է զգոնությունդ, փորձում է քեզ մղել նորանոր ձեռքբերումների։

– Նոր գաղափարներ…

– Աշխատում եմ միաժամանակ 3 ներկայացման վրա, նոր գաղափարներ էլ կան, բայց միայն եղածները ավարտելուց հետո։ Իսկ ընդհանուր առմամբ, երեւի տրամաբանական է, բոլոր նոր գաղափարներս կապում եմ Հայաստանի եւ Արցախի հետ, որովհետեւ չեմ պատրաստվում լքել երկիրը։

– Նշեցիր, որ չես պատրաստվում լքել երկիրը, մինչդեռ մարդկանց մի մասն էլ մտածում է, որ այստեղ չկա ապագա…

– Առհասարակ ես առաջնորդվում եմ. «Մի՛ դատիր, որ չդատվես» պատվիրանով։ Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը։ Իսկապես ծանր ժամանակներում ենք ապրում, թունելի վերջում լույսը դեռ չի երեւում եւ ամեն մարդ չէ, որ պատրաստ է մաս դառնալ հայրենիքը զրոյից կառուցելու պատասխանատու գործին։ Բայց գիտեք՝ գնացողները գոնե ավելի ազնիվ են, քան նրանք, ովքեր շարունակում են մնալ երկրում, բայց անհաղորդ են, անտարբեր, կրավորական կեցվածքով, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Ճիշտն ասած, վերը նշածս մարդկանց ուղղակի չեմ հասկանում։ Իսկ ինքս մնում եմ, որովհետեւ անուղղելի լավատես եմ, ճանաչում եմ հային, իր տեսակին, զավակներին, եւ վստահ եմ, որ համախմբման արդյունքում մենք կհաղթահարենք այս փորձությունը եւս։

– Ե՞րբ ես զգում, որ թերի են արածդ քայլերը։

– Առօրյա կյանքում արածս քայլերը միշտ մանրամասն քննարկում եմ հորս հետ։ Այդ հարցում բախտս բերել է, հայրս միշտ որպես ավագ ընկեր կողքիս է։ Իսկ ստեղծագործական կյանքում երբեք չեմ խորշել լսել կարծիքներ, հատկապես փորձառու եւ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից։ Նրանց նշած յուրաքանչյուր դիտարկում դառնում է մտորումների, իսկ երբեմն էլ՝ շտկումների առիթ։

– Կյանքը, երազանքը, նպատակը… թվում է սովորական բառեր են, դրանք թատրոնում այլ կերպարանքո՞վ են։

– Ձեր նշած բառերը սովորական բառեր չեն անգամ կյանքում։ Գուցե մենք երբեմն մեր անփութությամբ, բառերը արժեզրկելով հասարակացնում ենք դրանք, բայց խորքային ընկալման դեպքում այս բառերից յուրաքանչյուրը ուժ է ծնում։ Ամեն օր արթնանալ եւ շնորհակալ լինել, որ ապրում ես, մտածել սիրելիների եւ սիրելի գործի մասին, ու փորձել անել հնարավոր ամեն բան՝ այդ ամենը էլ ավելի լավը դարձնելու համար։ Ահա սա է իմ պատկերացմամբ այդ բառերի իրական նշանակությունը։ Իսկ թատրոնում դրանք նվիրումի բառեր են։ Նվիրում թատրոնին, հանդիսականին, խաղընկերներին եւ մնացած բոլոր բոլորին՝ տոմսավաճառից մինչեւ գեղարվեստական ղեկավար։

– Որպես վերջաբան…

– Խոնարհումս բոլոր ողջ եւ անմահացած հերոսներին, շուտափույթ ապաքինում մեր վիրավոր Հայրենիքին։ Իմաստնություն, իմաստնություն եւ էլի իմաստնություն բոլորիս։

Զրույցը`
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Չգիտեինք, որ ռեժիսոր այդպես հեշտ են կոչվում: Ոչինչ չարեցիք Գյումրու մասնաճյուղի համար… Ինչպես նաև այդտեղ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031