Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեսի ռեկորդների նոր թեկնածուն

Հունվար 14,2021 12:00

«Երթուղային կատակերգություն» շարքից

Տրանսպորտի տեսակներից նախընտրում եմ երթուղային տաքսին։ Նրանով երթեւեկելիս դիմացկունություն եմ ձեռք բերում: Հոգեպես, ֆիզիկապես ու բարոյապես մարզվում՝ չհաշված տարբեր ծառայությունները։

Սովորաբար նստում եմ առջեւում կամ վերջում։ Առջեւում անիվների տակից փախչող ճանապարհին նայելու, իսկ վերջում՝ ծնկներս կոփելու, անբնական վիճակում մարդկանց ծառայություն մատուցելու… Մարդիկ տարբեր տարիքի ու կշռի են լինում. հասակն առած, միջահասակ, երիտասարդ, նիհար, գեր… Շատերը շնորհակալություն են հայտնում, գովում, ծնկներիս առողջություն ու ամրություն մաղթում։ Մեկ-մեկ էլ պատահում է՝ զայրանում ու դժգոհում են։

…Տարիքն առած մի կին, որ մի 100 կիլո կլիներ, ընդամենը երկու կանգառ նստեց ծնկներիս, իսկ իջնելիս դժգոհելով ասաց.
– Քեզ պես ջահելին վայել չէ այսպիսի չոր ծնկներ ունենալը։

Ես փորձեցի արդարանալ, բայց նա ավելի զայրացավ.
– Մեծերին պետք է լսել։ Եթե ասում եմ՝ ծնկներդ չոր են, ուրեմն չոր են։ Ուշադրություն դարձրու սննդիդ։ Առավոտները խոզի ճարպով թեյ խմիր, կեր երշիկ, խավիար, ձու եւ լորենու մեղր։

Ես բարի խորհրդի համար շնորհակալություն հայտնեցի։

Իսկ մի անգամ էլ, երբ նոր էի հարմարվել ետնամասում, մի հարբած մարդ իջեւանեց ծնկներիս։ Իջնելիս փաթաթվեց ինձ, սկսեց համբուրել ու շնորհակալություն հայտնել։ Վերջում, թեւիցս բռնած ուզեց դուրս քաշել եւ մոտակա սրճարանում պատիվ տալ։ Մի կերպ համոզեցի, որ աշխատանքից ուշանում եմ, թող մնա մեկ ուրիշ անգամ։ Նա իջավ, իր տեղը զիջելով մի ուսանողուհու, որը խոստացավ ինձ հետ թատրոն գնալ։ Ճիշտ է, այդպես էլ նրան չտեսա, բայց մինչ օրս ծնկներիս վրա զգում եմ նրա հաճելի ծանրությունը։

Մի խոսքով, երթուղային տաքսիների շնորհիվ նորանոր ծանոթներ էի ձեռք բերում ու բարի տղայի անուն վաստակում։ Բայց ծնկներս չդիմացան իմ բարի ծառայություններին։ Գնացի բժշկի։ Վերջինս նայեց, գլուխը խորհրդավոր շարժեց, զարկերակս ստուգեց, մի քանի անգամ ծնկներիս մուրճիկով կտտացրեց ու հարցրեց.

– Ինչի՞ց առաջացավ։

– Տրանսպորտից։
Համոզված եմ. առաջին միտքը, որ անցավ նրա մտքով, այն էր՝ խանգարված եմ։ Կասկածները ցրելու համար պատմեցի իմ բարի ծառայությունների մասին։

Բժիշկը ժպտաց, գյուտ արածի պես վեր թռավ տեղից, ուրախացավ ու սկսեց ավելի մանրամասն հարց ու փորձ անել։ Ապա, դիսերտացիայի թեմա հուշելու համար ինձ շնորհակալություն հայտնեց ու խորհուրդ տվեց.
– Այնուամենայնիվ, այսուհետեւ, փորձի համար օգտագործեք պաշտպանիչ փետրե բարձիկներ։ Հետո ուրիշ բան կմտածենք։ Փորձնական շրջանն անցնելուց հետո բուժման մեթոդը պարզ կլինի։

Հիմա բարձիկներով եմ աշխատանքի գնում։ Ծնկներս, ճիշտ է, դեռ ցավում են, սակայն ծանոթություններս են շատանում։

Երեք ամսից թոշակի եմ գնալու։ Բժիշկս՝ պարոն Վիրաբյանը, համոզված է՝ եթե երեք ամիս դիմանամ, դիսերտացիան կավարտի։ Նաեւ այն հույսն ունի, որ թոշակ պետք է ստանամ ոչ միայն մեր հիմնարկից, այլեւ՝ ավտոտրանսպորտի նախարարությունից։

Սակայն, ճիշտն ասած, ինձ ոչ այդ չնչին թոշակներն են պետք, ոչ էլ բժիշկ Վիրաբյանի թեկնածուականը։ Ինձ հետաքրքրում է միայն ուղիղ Գինեսի գրքի մեջ ընկնելու բուռն ցանկությունս։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

Հ.Գ. 20 տարի առաջ «Ոզնի» հանդեսի ծննդատնից «Առավոտին» հայտնել էին, որ իրենց պատասխանատու խմբագիր, երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Լոռեցին (Բալայան) միամիտ-միամիտ 25+25 է դարձել։ Վերջերս էլ հայտնեցին, թե հիմա էլ 60+10 է դարձել։

«Առավոտ» օրաթերթ
13.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031