Լրահոս
Օրվա լրահոսը

18-րդ դարից ցայսօր հայությունը հիմնականում միտվել է դեպի Ռուսաստան

Հունվար 14,2021 13:30

«Հայաստանի պարտությունը Ռուսաստանի պարտությունն է». Կ. Զատուլին

Արցախյան 2-րդ պատերազմում Ռուսաստանը կարող էր օգտագործել Թուրքիայի եւ ահաբեկիչների մասնակցության փաստերը, ռուս-հայկական դաշինքը եւ շտկեր հայության դեմ գործած իր սխալը՝ ստիպեր Թուրքիային՝ վերանայել 1921թ. Մոսկվայի եւ Կարսի անիրավազոր պայմանագրերն ու վերջնականապես հաստատվել Անդրկովկասում։ Սակայն հայերի զոհերի ու տարածքների կորստի գնով, խաղաղապահի կարգավիճակով, եթե կարելի էր հաստատվել նաեւ Արցախում (դե յուրե՝ Ադրբեջանում) ինչ միտք ուներ մտնել պատերազմի մեջ, բայց պատերազմն անհրաժեշտ էր, քանզի արցախյան խնդրի խաղաղ լուծման դեպքում ՌԴ-ն Հայաստանում, առավել եւս Արցախում անելիք չէր ունենա։ Ուստի նա իր դաշնակցի դեմ թուրքերի հետ կնքեց գործարք ու հայերին կոտորել տվեց. ռուսական շահերի պաշտպան, հայասեր Կ. Զատուլինի միջոցով էլ նրանց «հուսադրեց». «Հայաստանի պարտությունը Ռուսաստանի պարտությունն է»։ Ռուսաստանը Հայաստանին այնպիսի սահմաններով ու հարեւաններով է ստեղծել, որ նրա եւ պարտությունը, եւ «հաղթանակը» Ռուսաստանի ու Թուրքիայի հաղթանակը կլինի։ Եթե ՌԴ-ն մեզ պիտի անընդհատ դավաճանի, ավելի լավ չէ՞ միտվենք դեպի Արեւմուտք։

Ռուսաստանից հաճախ է հնչում, թե շատ ազգեր, այդ թվում հայերն իրենց նկատմամբ ապերախտ են ու անշնորհակալ։ Օրինակ. Ռուսաստանը Բուլղարիային ազատագրեց, բայց Առաջին աշխարհամարտում վերջինս միացավ նրա թշնամիներին, ստեղծեց Մեծ Ուկրաինա ու Ղրիմն էլ նվիրեց, բայց վերջինս Ղրիմի կորստով միացավ նրա թշնամիներին, Միջին Ասիայում ստեղծեց թուրքական պետություններ, որոնք վաղ թե ուշ միանալու են նրա թշնամիներին, այլոց հաշվին վերականգնեց Մեծ Վրաստանը, վերջինս որոշ կորուստներով միացավ նրա թշնամիներին, հայկական տարածքների ու ժողովրդի հաշվին ծնունդ տվեց Ադրբեջանին, որն արդեն միացել է Թուրքիային, կանխեց Թուրքիայի մասնատումն ու Մեծ Հայաստանի ստեղծումը, վերջինս ծրագրում է Ռուսաստանի մասնատումը, հայերին թույլատրեց ազատագրել հայկական 7 շրջանները, վերջինս ասոցացվում է նաեւ Եվրոպայի հետ։ Հայերի մասով փորձենք պարզաբանել։

Ռուս-թուրքական եւ ռուս-պարսկական պատերազմներում հայերը ռուսներին օգնել են ինչով կարողացել են՝ կամավորական ջոկատներով, զորավարներով, բայց նրանց տարածքները ռուսները հանձնել են թուրքերին՝ Բալկաններում տարածքներ ստանալու դիմաց։ Ռուսաստանը մասնակցել է Հայկական հարցի ձեւավորմանն ու բարձրացմանը (տես 1878թ. Բեռլինի կոնգրեսը, 1895թ. «Մայիսյան ծրագիր»-ը, 1914 թ. «Հայկական հարցի մասին» ռուս-թուրքական համաձայնագիրը, 1917թ. «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, 1945թ. Թուրքիայից Կարսի ու Արդահանի պահանջը), բայց խոչընդոտել է դրա իրականացմանը։ 1917-1918 թթ. ռուսական զորքերը լքեցին Արեւմտյան Հայաստանն ու հայերին թողեցին թուրքերի դեմ մեն-մենակ։

Ռուս բոլշեւիկները 1918թ. Բրեստի պայմանագրով Հայաստանի զգալի մասը հանձնեցին Թուրքիային։ 1920թ. Սեւրի պայմանագրի չեղարկման նպատակով սեպտեմբեր-նոյեմբերին՝ հայ-թուրքական պատերազմում Ռուսաստանն աջակցեց Թուրքիային։ Արդյունքում դետեմբերի 2-ին ստորագրվեցին Ալեքսանդրապոլի ամոթալի, Երեւանի խաբուսիկ, իսկ 1921թ.՝ Մոսկվայի եւ Կարսի ստորացուցիչ պայմանագրերը։ Հայրենական պատերազմում Ադրբեջանն ու Վրաստանը հիմնականում հայերի հաշվին են կատարել զորակոչի պլանը։ Մինչդեռ հայերը տվել են մոտ 600.000 մասնակից (որից կեսը զոհվել է), 4 մարշալ, մեկ ծովակալ, 68 գեներալ, 106 հերոս։ ԽՍՀՄ-ին օգնել են նաեւ սփյուռքահայերը. թե տանկային շարասյուներով, թե զոհված զինվորների ընտանիքներին օգնությամբ։ Այդ ամենի դիմաց ԽՍՀՄ-ը չօգտագործեց Թուրքիայի թշնամանքը, ձախողեց ոչ միայն Հայկական տարածքների իր իսկ պահանջը, այլեւ չցանկացավ լուծել իր մեղքով առաջացած Նախիջեւանի եւ Ղարաբաղի խնդիրները։

1990-ականներին ռուսների նախաձեռնությամբ հայերը կարողացան ազատագրել ապօրինաբար Ադրբեջանին նվիրած պատմական Հայաստանի որոշ տարածքներ՝ Արցախը եւ հարակից 7 շրջանները՝ նպաստելով ԽՍՀԽ-ի եւ ԽՄԿԿ-ի լուծարմանը։ Խաղաղ պայմաններում Արցախի հիմնահարցի լուծման դեպքում, անհնար կլիներ վերահաստատվել նաեւ (դե յուրե Ադրբեջանում) որպես խաղաղարար։ Այդ ճանապարհին նախ Մինսկի խումբն էր լուրջ խոչընդոտ։ Ուստի հայ-թուրքական պատերազմը եւ հայերի պարտությունը նրա համար ուներ կենսական նշանակություն։ Բացի այդ, առաջացել էր նաեւ Հայաստանը կորցնելու մտավախություն. ՀՀ-ն փորձում է ասոցացվել նաեւ Եվրոպայի հետ՝ «եւ-եւ» տարբերակով։ ՌԴ-ն թեեւ ՀՀ-ին թույլատրեց դա, բայց չներեց։ Հայտնի հեռուստալրագրող Դ. Կիսելյովը այցելեց Հայաստան ու ՀՀ իշխանություններին հորդորեց. հանուն Հայաստանի անվտանգության ռուսերենը ճանաչել, որպես երկրորդ պետական լեզու։ Նրա առաջարկն անհետեւանք մնաց։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Վ. Սոլովյովի ղեկավարած քարոզչական ակումբից գեներալի շուրթերով հնչեց. որպեսզի Հայաստանին օգնենք, նա պիտի որոշի՝ «ՌսՌ ՑցՊՈ՝ Եվրոպա, ՌսՌ րþՊՈ՝ Ռուսաստան»։ Հաճախ էր լսվում, թե Արեւմուտքը Հայաստանին մենակ է թողել, կարծես ոչ թե Ռուսաստանն է Հայաստանի դաշնակիցը, այլ՝ Արեւմուտքը (ՆԱՏՕ-ն), մոռանալով, որ ռուսական զորքերն են Հայաստանում եւ ոչ թե ՆԱՏՕ-ի։ Ադրբեջանի ձայնափողներից Լ. Կալաշնիկովն էլ աչքի ընկավ՝ ասելով. «հայերին չպիտի օգնել, քանի որ Երեւանում ռուսական դպրոցներ չկան», քաջ գիտենալով, որ ռուսները Հայաստանում միշտ էլ իրենց լավ են զգացել։ Ռուսական դպրոցների թիվը կրճատվեց, երբ արցախյան պատերազմի, Սպիտակի երկրաշարժի, «մթի ու ցրտի» պատճառով Հայաստանից արտագաղթեց ռուսների ու ռուսախոս հայերի մեծ մասը։

ՀՀ ղեկավարներն էլ չհասկացան, որ Արցախն ու ազատագրված 7 շրջանները կարող էին պահել ոչ թե «եւ-եւ»-ի, այլ՝ «կամ-կամ»-ի միջոցով։ Դավաճան հայերի միջոցով այդ շարժառիթն օգտագործեցին թուրքերն ու ռուսները։ Միայն անաչառ ու անկողմնակալ քննությամբ է հնարավոր պարզել, թե դավաճան հայերը ո՞ր ճամբարից էին։ Չնայած այդ ամենին, երախտապարտ հայությունը շնորհակալ է ռուս խաղաղապահներին։

Ցայսօր ՀՀ-ում անպատասխան են մնացել հետեւյալ հարցերը՝ ինչո՞ւ Հայաստանը չի բարձրացրել Հայկական հարցը եւ Արցախի հարցը չի ներկայացրել Հայկական հարցի համատեքստում, ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն չի դատապարտել Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում եւ Ադրբեջանում, չի բարձրացրել ադրբեջանահայերի իրավունքների հարցը, չի ճանաչել Արցախի միացումը կամ անկախությունը, ցեղասպանությունից մազապուրծ ադրբեջանահայերը ռազմական ավարի միջոցներով ինչո՞ւ չեն բնակեցվել ազատագրված տարածքներում։ Ինչո՞ւ է Հայաստանում միշտ հաստատվել մենիշխանություն կամ կուսակցական դիկտատուրա։ Պատճառը մեկն է. Հայաստանն իր ինքնիշխանության հիմնական մասը հանձնել է ՌԴ-ին։

2016թ. լրատվամիջոցներից մեկում «Հայրենադարձության 70-րդ տարելիցի եւ իշխանությունների ազգադավության մասին» հոդվածում գրել եմ. «Եթե ժամանակին ՀՀ խորհրդարանն ընդուներ օրենք՝ «ՀՀ իշխող կուսակցությունը կամ կոալիցիան, որը չի կարողանում ադրբեջանահայերով բնակեցնել ազատագրված հայկական տարածքները եւ կանխել արտագաղթը, հրաժարական է տալիս», ապա գրեթե լուծված կլիներ արցախյան հիմնահարցը… ռազմական ավարը յուրացնելու փոխարեն այն կտրամադրվեր այդ բնակավայրերն ադրբեջանահայերով վերաբնակեցնելուն, իսկ հետո վերաբնակիչները հանրաքվեով կմիանային Արցախին… Այդպես են ստեղծում պետությունն ու պետական մտածողությունը եւ ոչ թե արցախյան պատերազմի ռազմավարը թալանելով:

Ազատագրված տարածքներն ադրբեջանահայերով չբնակեցնելու վտանգները գնալով ահագնալու են։ ՀՀ դիվանագիտության ժամանակավոր թվացյալ հաջողությունները պայմանավորված են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ փակուղի տանող «պանթուրքիզմին» նպաստ դիվանագիտությամբ, ինչից առայժմ օգտվում է Ռուսաստանը։ Նախկինում հայությունը չլսեց Լորիս-Մելիքովի, հետո՝ Պողոս Նուբարի, Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ՀՅԴ-ի հորդորներն այն մասին, որ Ռուսաստանի ռազմավարական ծրագրում նախատեսված չէ անկախ ու միացյալ Հայաստանի ստեղծումը, որ պայքարը պիտի ուղղվի Արեւմտյան Հայաստանում կամ Կիլիկիայում հայկական անկախ պետություն ստեղծելուն։ Գոնե այժմ հայությունը, հատկապես սփյուռքահայությունը, պիտի հստակ գիտենա, որ Հայկական հարցը Թուրքիայի մասով պետք չէ պայմանավորել Արեւելյան Հայաստանի եւ Ռուսաստանի աջակցությամբ, այլապես այն հայերի հաշվին կշարունակեն ծառայեցնել ռուս-թուրքական, ինչպես Արցախի հիմնահարցը՝ ռուս-ադրբեջանական շահերին։ Եթե ՀՀ վարչախմբերը (թե ՀՀՇ, թե ՀՀԿ) 25 տարվա ընթացքում, իրենց կոալիցիոն գործընկերներով (ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ) հանդերձ, չեն կարողացել կամ չեն բարձրացրել Հայկական հարցն ու դրա բաղադրիչը կազմող Նախիջեւանի հիմնահարցը եւ Մինսկի խմբի համանախագահներին չեն ներկայացրել Արցախի բուն հիմնահարցը, պետականորեն չեն ճանաչել Հայերի ցեղասպանությունը (ավելին, երեք նախագահներն էլ տարբեր առիթներով հայտարարել կամ ակնարկել են, որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի), նշանակում է, որ ՀՀ վարչախմբերին անվարան կարելի է մեղադրել ազգադավության մեջ»։

Ճիշտ են Էրդողանն ու Ալիեւը, երբ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ովքեր «էշի ականջում քնած են», մեղադրում են անգործության համար։ Իրոք, բա 26 տարում իրենց «քաղաքակիրթ» հորջորջող այդ երկրները կամ թուրքերից են վախեցել, կամ դավաճանել են եվրոպական արժեքներին ու չեն ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ավելին՝ ադրբեջանահայերին թույլ չեն տվել ազատագրված տարածքներում բնակվել, իսկ ՀՀ ղեկավարությունը դրանք նախապատրաստել է թուրքերին վերադարձնելու համար։

Ռուս-թուրքական դաշինքը ՀՀ եւ ԱՀ վարչապետներին զենքի ուժով ստիպեց Ադրբեջանին վերադարձնել ոչ միայն չբնակեցված 5 շրջանները, այլեւ հայերով բնակեցված Քարվաճառի ու Լաչինի շրջանները՝ բռնագաղթմամբ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, եթե կուզեք՝ Ադրբեջանի սահմանադրության ոտնահարում է։

Հայաստանը կործանվել է Արեւմուտքի խաբեության, Բյուզանդիայի ուծացման, Թուրքիայի ցեղասպան, Ռուսաստանի քաղաքականության եւ հայերի դյուրահավատության պատճառով։

Նորիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան

«Առավոտ» օրաթերթ
13.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031