Ֆրանսաբնակ բժիշկ-կոսմետոլոգ Մելինե Ասլանյանը պատրաստվում է աջակցել Ֆրանսիայում բժիշկ-կոսմետոլոգի մասնագիտություն ձեռք բերողներին
«Առավոտը» Եռաբլուր պանթեոնում հանդիպեց ֆրանսաբնակ բժիշկ-կոսմետոլոգ Մելինե Ասլանյանին:
Հայաստանցի արվեստագետների փաստմամբ, ընդամենը հինգ տարի արվեստների քաղաք` Փարիզ տեղափոխված հայուհին իր բարձրակարգ աշխատանքով հայտնի է դարձել Ֆրանսիայում, իսկ ինստագրամյան էջում ունի շուրջ 100 հազար հետեւորդ։
Նրա այցելուներից են ճանաչված շատ մոդելներ, դերասաններ, այդ թվում՝ ֆրանսաբնակ ուկրաինուհի մոդել Աննա Լյուբիմայան, սեւամորթ մոդել Ելենա Սումեսան։
Կարդացեք նաև
Այս օրերին էլ ֆրանսիական TV M6-ով հեռարձակվում է մեծ վարկանիշ ունեցող «Անհավանական տրանսֆորմացիա» սերիալը, որի գլխավոր հերոսուհու՝ Մամսի կերպարը մարմնավորում է դերասանուհի Մանուելան, որին ցանկանում են նմանվել երիտասարդ շատ ֆրանսուհիներ։
Իսկ պատճառը, ուղիղ ասած՝ նրա հմայիչ դեմքն է, ինչն արդյունք է մեր հայրենակցուհու մասնագիտական միջամտության։
Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ օրիորդ Մելինեն Երեւանի պետական համալսարանում ստացել է միջազգայնագետի, դիվանագետի եւ հանրային կառավարչի որակավորում, ուսմանը զուգընթաց մոտ մեկ տարի էլ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում։
Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ բժիշկ-կոսմետոլոգի մասնագիտությունը սկսել է ուսումնասիրել հայրենիքում, ապա կատարելագործվելու նպատակով մեկնել է Ֆրանսիա։
Իսկ մի ոլորտից անցումը մեկ այլ ոլորտ, այն էլ շատ տարբեր, մեր զրուցակիցը այսպես մեկնաբանեց. «Ջանում եմ ստեղծել ներդաշնակություն մարդու ֆիզիկական եւ հոգեւոր տարիքների միջեւ»։
Նա հայրենիք է եկել պատերազմից հետո, դեկտեմբերին։ «Իհարկե, ես ու ֆրանսաբնակ մեր հայրենակիցները մասնակցել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին։ Սուրբ ծննդյան օրը ծանոթացա Հադրութից Երեւան տեղափոխված մի ընտանիքի հետ։ Նրանց տունը թշնամու սահմանից 300 մետր հեռավորության վրա է եղել։ Բազմանդամ ընտանիք էր, ամուսինը զոհվել էր պատերազմում, հարսը հղի էր, ունեին փոքրիկ, անուշիկ բալիկ, որդին էլ դեռ ժամկետային ծառայության մեջ էր։ Այդքան հոգսերի տեր լինելով, նրանք ինձ զարմացրին իրենց ընդունելությամբ, զրույցներով ու իհարկե՝ հյուրասիրությամբ։ Ես վատ եմ զգում, որ չկարողացա պատշաճ օգնություն ցուցաբերել նրանց. ինձ մոտ մնացել էր ընդամենը Փարիզի օդանավակայանից տուն հասնելու գումար։ Մխիթարվում եմ նրանով, որ ընկերներիցս մեկը հովանավորում է այս ընտանիքին»,- հայտնեց Մելինեն։
«Տեսնելով հայրենակիցներիս այսքան վիշտն ու ցավը, այսքան խեղված ճակատագրեր, էլ չեմ խոսում գերեվարվածների ու անհետ կորած մեր տղաների մասին, որոշել եմ Ֆրանսիա տեղափոխվելուն պես ընկերներիս հետ ձեռնամուխ լինել օգնելու արցախցի երիտասարդներին, որոնք ցանկություն կհայտնեն Ֆրանսիայում ձեռք բերել բժիշկ-կոսմետոլոգի մասնագիտություն»,- հավաստիացրեց Մելինե Ասլանյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Էդգար Մելքոնյանի։
«Առավոտ» օրաթերթ
13.01.2021