Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Կովկասում տարածաշրջանային կարգը հաստատվել է 1994-ին` Արցախում և փլուզվել 2020-ին` կրկին Արցախում»

Հունվար 13,2021 20:44

Հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման եւ դրա արդյունքների մասին Aravot.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը

– Ի՞նչ ակնկալիքներ ուներ պաշտոնական Ստեփանակերտը հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից: Արդարացա՞ն դրանք:

– Պաշտոնական Ստեփանակերտի ակնկալիքները հիմնականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետից էին, որը վերաբերում էր գերիների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում  մնացած զինվորների որոնողափրկարարական աշխատանքներին, զոհվածների մարմինների հայտնաբերմանը, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրներին: Ստեփանակերտն ակնկալում էր նաև գերիների իրական թվի ճշգրտման հետ կապված մեխանիզմների մշակման հարցեր. իդենտիֆիկացված ցուցակների և ադրբեջանական բանտերում գտնվող անձանց իրական թվի ճշգրտում, ինչպես նաև մեխանիզմներ` նրանց վերադարձնելու ուղղությամբ:

Ի՞նչ ունեցանք: Փաստացի 8-րդ կետը շրջանցվեց: Դրա փոխարեն քննարկվեց  9-րդ կետը: Առնվազն տարօրինակ է, մանավանդ, երբ ունենք 90-ականների փորձը, երբ գերիների, պատանդների վերադարձի հարցերը բոլոր խորհրդատվություններում և հանդիպումներում առաջնահերթ էին և դա բնական հետպատերազմյան օրինաչափ երևույթ էր: Փաստացի, դիվանագիտական ռեսուրս չգործադրվեց գերիների վերադարձի խնդրի հարցում:

Պաշտոնական Ստեփանակերտի երկրորդ ակնկալիքը անվտանգային խնդիրներն են: Մասնավորապես, ԱՀ-ն սահմանափակվելով 2900 քառ կմ տարածքում բախվել է մեծ անվտանգային խնդիրների. առկա է աշխարհագրական անբարենպաստ դիրքով պայմանավորված շփման գիծ, որտեղ կողմերի միջև հեռավորությունը կազմում է, երբեմն, մի քանի տասնյակ մետր, ինչպես նաև բնակավայրեր, որոնք կիսված են դիրքերի միջև: Հետևաբար, առաջնահերթություն է շփման գծի երկայնքով մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը: Ակնկալիքների շարքում էին նաև կարգավիճակին վերաբերող հարցերը:

8-րդ կետի շրջանցումն ինձ համար, փորձագիտական մակարդակում մտահոգություններ է առաջացնում. հնարավո՞ր է, որ Ադրբեջանն այն պահում է առավել բովանդակային զիջում կորզելու համար:

8-րդ կետի շրջանցումը ևս մեկ այլ վտանգավոր միտում է ենթադրում. հակամարտության կարգավորման հարցերը վերաֆորմատավորում են: Մի կողմ թողնելով քաղաքական կարգավորման հարցերը, խնդիրը տարվում է տնտեսական, տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ: Փորձագիտական մակարդակում  հարցեր են առաջանում, արդյո՞ք ազգային շահերի տեսանկյունից են հաշվարկվելու տնտեսական ապաշրջափակման հնարավորությունները: Օրինաչափությունների  մակարդակում՝ որևէ պետության տնտեսական բացարձակ ներկայացվածությունը երկրորդ երկրում կարճ ժամանակ անց հասցնում է քաղաքական բացարձակ ազդեցության:

Փաստացի, հունվարի 11-ի հանդիպումն առավել շատ հարցեր, քան պատասխաններ է առաջադրել:

– Ստեղծված իրականության համատեքստում, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ վերադասավորումների կարող են տեղի ունենալ տարածաշրջանում:

– Հարավային Կովկասի տարածաշրջանային կարգը հաստատվել է 1994 թվականին,  Արցախում և փլուզվել 2020 թվականին` կրկին Արցախում: Պետք է արձանագրել, որ այս պահին տարածաշրջանային կարգն անավարտ է: Հաշվի առնելով այն, որ Արցախում, որպես միկրոտարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը, ռազմատեխնիկական առումով նոր սերնդի պատերազմ էր, դժվար չէ կանխատեսել, որ վատագույն սցենարը՝ մակրոտարածաշրջանում սպասվող պատերազմը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի և հատկապես նրա թույլ օղակ համարվող պետությունների համար: Տարածաշրջանի պետություններից Ադրբեջանը շարունակում է նույն թափով զինվել, ռազմականապես ամրանալ իր  վերահսկողության տակ անցած տարածքներում,  իսկ այս հարցում զսպման կամ վերահսկման մեխանիզմները շարունակում են բացակայել: Ավելին, այդ շփման գծում շարունակում են կրակել, ինչի արդյունքում ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայողը: Այս փուլում բոլոր գործընթացները տանում են Ադրբեջանին բավարարելուն և խաղաղեցնելուն: Դիվանագիտական նման կուրսը, օրինաչափ մակարդակում երբևէ դրական արդյունք չի արձանագրել:

– ՌԴ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  ներկայացվածությունը ինչպե՞ս է դրսևորվում հետպատերազմյան իրողություններում, մասնավորապես՝ առանձին-առանձին  մանդատային մակարդակում:

Խաղաղապահությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նորույթն է այս փուլում: ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների շարքում միայնակ է ներկայացնում խաղաղապահության ինստիտուտն Արցախում, ստանձնելով այս պահին դեռևս կարճաժամկետ անվտանգության երաշխավորի պարտավորություն, հետևաբար ՌԴ-ի համար միկրոտարածաշրջանային անվտանգության ապահովումը նաև սկզբունքային հարց է: Խաղաղապահությունը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հաշվի առնելով պատերազմի ընթացում ՌԴ ձեռնարկած քայլերը և մեռյալ կետից իրողությունները տեղաշարժելու լծակներն ու հնարավորությունները, արձանագրվել է հետևյալ իրողությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները հետպատերազմյան փուլում ի գիտություն են ընդունում ռուսական կողմի ձեռնարկած քայլերը հակամարտության կարգավորման հարցում: Հունվարի 11-ի հանդիպման նախօրեին, մասնավորապես Ֆրանսիան հայտարարել էր, որ պատրաստ է նպաստելու ՌԴ ջանքերին, իսկ ԱՄՆ կողմից որևէ արձագանք չի եղել պայմանավորված հետընտրական զարգացումներով:

 Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031