ԱԺ մշտական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի քննարկումը, սակայն, հետաձգվել է երեք շաբաթով:
Ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, նման կարեւորագույն նախագծի քննարկումը հետաձգելու պատճառը դրա լրամշակման անհրաժեշտությունն է, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ:
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար հանձնաժողովը քննարկել է Կառավարության հեղինակած ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը, ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական վարչական ռեգիստրների վարման համար իրավական հիմքերի ստեղծումն է:
Կարդացեք նաև
Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ նախագծի հեղինակն ընդունել է պատգամավորների առաջարկները, վերացել են եղած անհամաձայնությունները, եւ նախագիծն արդեն պատրաստ է ամբողջությամբ ընդունելու համար:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Քննարկված մյուս հարցը կազմակերպչական էր. հանձնաժողովի որոշմամբ հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ին, կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով:
ՀՀ Ազգային ժողով