Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչների հրատապ դիմումը՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանին
ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանին
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար՝ Արկադի Թամազյանին
Կարդացեք նաև
Դիմում
Ձեզ են դիմում Լոռու մարզի հանքարդյունահանող Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, բազմաբնակարան 10-րդ շենքի բնակիչները:
Դեկտեմբերի վերջից սկսվել է մեր շենքի առանձին մասերի փլուզումը: Շենքի ճակատային մասի փոքր պատշգամբների հատակային մասից պոկվում են քարի կտորներ, ընդ որում, նշված տանը բնակիչ է բնակվում: Փլուզումը լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ բնակիչների կյանքի եւ անվտանգության համար, թե՛ շենքի հիմնովին փլուզման տեսանկյունից (թարմ լուսանկարները` կցված են դիմումին):
Շենքի կողային մասի՝ սննդամթերքի խանութի վերեւի մասից նոր եւ մեծ կտորներ են պոկվել, որը հստակ երեւում է Շամլուղի կենտրոնական հրապարակից: Շենքի թոշակառու բնակիչներից մեկի ֆինանսական միջոցներով փլուզման արդյունքում առաջացած աղբը տոնական օրերին հավաքվել է հրապարակի երեւացող հատվածից:
Շենքի ետնամասի՝ մեծ փայտե պատշգամբներից փայտերն արդեն պոկվում-ընկնում են՝ հստակ վտանգ ներկայացնելով շենքում բնակվողների համար, ինչպես նաեւ շենքի՝ հիմնովին փլուզման համար:
Մենք հիշեցնում ենք, որ 2019թ. դեկտեմբերին դիմել էինք՝ 2020թ. շենքի հիմնանորոգման, ամրացման խնդրանքով, սակայն 2020 թվականի ընթացքում, ցավոք, Լոռու մարզպետարանի եւ Ախթալա խոշորացված համայնքի կողմից աջակցություն չստացանք, ինչի արդյունքում, մեկ տարվա դանդաղելը ունեցավ խիստ բացասական հետեւանքներ՝ շենքի փլուզումը արդեն իսկ սկսվել է եւ պահանջում է խիստ հրատապ լուծումներ:
Պահանջում ենք՝ հրատապ լուծում տալ այս խնդրին 2021 թվականի ընթացքում, մանավանդ, որ շենքի տանիքը վերանորոգվել է, հետեւաբար թե՛ կառավարության, թե՛ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ծախսած միջոցներն ուղղակի ափսոս են, եթե շենքը չպետք է ամրացվի ու հիմնանորոգվի:
Հիշեցնում ենք, որ մեր շենքի հիմնանորոգման ճակատագրի վերաբերյալ դեռ 2018թ. դեկտեմբերի 7-ին ստացել էինք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի հետևյալ նամակը, որում, մասնավորապես նշված էր. «Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:
Ակնկալում ենք ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի և Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարի հետևողականությանը՝ արդեն իսկ փլուզվող շենքի շուտափույթ ամրացման հարցում, եւ հունվարի 15-ին կայանալիք՝ Ախթալա խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստում խնդրի անհապաղ ներառումը:
Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր