Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

Հունվար 13,2021 19:20

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նախքան նիստի օրակարգային հարցին անցնելը,խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակը: Արթուր Հարությունյանը նշեց, որ պատերազմի հետևանքով բյուջեի նախագծի քննարկումը որոշակի ժամկետով երկարաձգվել է և ներկայացվել 2020թ դեկտեմբերի 30-ին:

Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:

Մինչ 2021թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ պետնախարար-ֆինանսների նախարարը նշել է, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի   և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով: Խոսելով 2020թ մակրոտնտեսական ցուցանիշների արդյունքներից՝ Գրիգորի Մարտիրոսյանն  ընդգծեց  տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված  տնտեսական անկման մասին, որի արդյունքում 2020թ 1-ին կիսամյակի  ՀՆԱ-ն նվազել է 1,5%-ով՝ կազմելով 129,6 մլրդ դրամ,ընդ որում  արդյունաբերության ճյուղը արձանագրել է 3,7%, շինարարության ճյուղը՝ 14%, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության  ճյուղը՝ 10,2% իրական արտահայտությամբ  անկում: Իսկ սեպտեմբերին պարտադրված պատերազմը իր կործանարար ազդեցությամբ հանգեցրեց տնտեսության անկմանը: Վերլուծելով որոշակի կանխատեսումներ՝ պետնախարարի խոսքով պայմանականորեն  արձանագրվել է, որ  2020թ արդյունքներով կունենանք շուրջ 15%-ի չափով  ՀՆԱ-ի անկում: Նյութական  արտադրության հիմնական ոլորտներում կանխատեսում են  հետևյալ ցուցանիշները. արդյունաբերության արտադրության  ծավալը կկազմի շուրջ 103 մլրդ դրամ՝ նվազելով 40%-ով, շինարարության ծավալը՝ 48 մլրդ դրամ՝ ունենալով 26%-ի  չափով անկում,գյուղատնտեսական  արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 51,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ կնվազի 28-30%-ի չափով:

Անդրադառնալով 2021թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2021թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 224,5 մլրդ դրամ ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25%-ի չափով:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 81 մլրդ830,7մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 մլն դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43 մլրդ20,5մլն դրամ»,-հայտնել է պետնախարարը:

2021թ-ին պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի համեմատ:Հարկային եկամուտները կկազմեն 17մլրդ դրամ, ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7մլն դրամ:

Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը  պակաս   է նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 %-ով: Ծախսեր/ՀՆԱ  հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020թ 46,2%-ի դիմաց:

2021թ պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ըստ ոլորտների

Գյուղատնտեսություն՝ 5 մլրդ 91,6 մլն դրամի չափով

Տնտեսական զարգացման ծրագրեր՝ 618,3 մլն դրամ

ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12,0 մլրդ դրամ:

Սոցիալական պաշտպանություն՝ 31 մլրդ 475,1 մլն դրամ

Առողջապահություն՝ 8 մլրդ 750,3 մլն դրամ

Կրթություն՝ 14 մլրդ 728,1 մլն դրամ

Մշակույթ և երիտասարդություն՝ 2 մլրդ 431,6 մլն դրամ

Համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաներ՝ 2 մլրդ 892,6 մլն դրամ:

Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո պետնախարար-ֆինանսնեըի նախարարը պատասխանել է պատգամավորներ Գագիկ Բաղունցի, Վլադիկ Կասյանի, Դավիթ Գալստյանի Մետաքսե Հակոբյանի և Դավիթ Իշխանյանի առաջադրած հարցերին:

Նիստին մասնակցել են  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ և կառավարության անդամներ:

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի  լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031