Լրագրողը հորդորեց ներողություն խնդրել իր թեւից քաշելու, ապա՝ խուսափողը խլելու համար, սակայն Հայկ Սարգսյանը նման բան չարեց
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: «Ես այդպես եմ որոշել, իրավունք ունե՞մ որոշելու»,-հարցրեց նա, երբ մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ցանկանում էին խոսել նրա հետ: Ապա` Հայկ Սարգսյանը Yerevan.today-ի լրագրողին հարցրեց՝ «դուք TV 5-ում էլ եք չէ՞ աշխատում»: Լրագրողը պատասխանեց, որ ոչ: Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Տարբերություն չկա: Հետեւելով ձեր գործունեությանը՝ ես որոշում եմ կայացրել, որ այս տարի չեմ պատասխանելու ձեր հարցերին: Եթե ապացուցեք, որ արժի ձեր հարցերին պատասխանել, հաջորդ տարի կպատասխանեմ»: Լրագրողն ասաց, որ ապացուցելու բան չունի:
Yerevan.today-ի լրագրող-Իսկ ինչո՞ւ էիք քաշում իմ թեւը, երբ ես այսօր Գագիկ Ջհանգիրյանին հարց էի տալիս Սյունիքի համայնքապետերի դեմ քրեական գործերի մասին:
Հայկ Սարգսյան-Դուք ուզում էիք նրան գցել գետնին: Ես նկատեցի, փորձեցի կանխել:
Կարդացեք նաև
Yerevan.today-ի լրագրող-Ես նրան գցելու փորձ էի անո՞ւմ:
Հայկ Սարգսյան-Ինձ այդպես թվաց:
Yerevan.today-ի լրագրող-Դուք սադրի՞չ եք, թե սուտ ասելու վարպետ եք դարձել:
Հայկ Սարգսյան-Ձեզանից ուժեղ սադրիչ չեմ պատկերացնում: Դուք բոլորով հետապնդում էիք Գագիկ Ջհանգիրյանին:
Yerevan.today-ի լրագրող-Մենք չենք հետապնդել, դա լրագրողի աշխատանքն է: Դուք էիք մեզ հետապնդում:
Հայկ Սարգսյան-Երբ ես սկսեմ ձեզ հետապնդել, ողջ հանրությունը ահավոր կուրախանա: Դեռեւս, ցավոք, չեմ սկսել ձեզ հետապնդել:
Yerevan.today-ի լրագրող-Ինչի՞ ցավոք սրտի, սկսեք:
Հայկ Սարգսյան-Ես ուզում եմ իմ աշխատասենյակ մտնել:
Yerevan.today-ի լրագրող-Կարող եք մտնել, չենք բռնանում, բայց ուզում ենք որոշ հարցերի պատասխաններ ստանալ:
Հայկ Սարգսյան-Ասացի, որ ձեր հարցերին չեմ պատասխանելու:
Yerevan.today-ի լրագրող-Ես իրավունք ունեմ ձեզ խանգարելու, որովհետեւ դուք պետք է բավարարեք քաղաքացիների պահանջները՝ տեղեկացված լինելու իմաստով:
Հայկ Սարգսյան-Ես այս տարի մտածում էի, որ դուք լրագրողներով, հատկապես՝ գողացված միջոցներից սնվող լրագրողներով ձեր գործունեության ոճը կփոխեք:
Yerevan.today-ի լրագրող-Մի րոպե, այս ի՞նչ հայտարարություն եք անում, դուք դրա տակից դուրս կգա՞ք:
Հայկ Սարգսյան-Այո, դիմեք դատարան:
Ապա լրագրողը հորդորեց անուններ հնչեցնել եւ հարցերից չփախնել, սակայն Հայկ Սարգսյանը մեկ ձեռքով խլեց Yerevan.today-ի խոսափողը: Լրագրողը հարցրեց՝ «չեք ամաչո՞ւմ ձեր վարքագծից, վերադարձրեք խոսափողը»: Հայկ Սարգսյանը պնդեց, որ հարցերի չի պատասխանելու եւ մտավ իր սենյակ. «Չբացեք այ դուռը»: Լրագրողն առաջարկեց խուսափել միջադեպից եւ վերադարձնել խոսափողը: Որոշ ժամանակ անց Հայկ Սարգսյանն աշխատասենյակի դիմաց վերադարձրեց խոսափողը: Լրագրողը հորդորեց ներողություն խնդրել իր թեւից քաշելու, ապա՝ խուսափողը խլելու համար, սակայն Հայկ Սարգսյանը նման բան չարեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ