Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլից» Մարուքյանին հորդորում են՝ ճառ մի ասեք, զանգ կախեք, Մարուքյանն էլ, թե՝ «ոչ խոսելու տեղ ունեք, ոչ էլ զանգ կախելու ունակություն ու կոմպետենցիա»

Հունվար 13,2021 18:55

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» նախագիծը:

ԼՀԿ-ն հրապարակել է 13 կետից բաղկացած գործողությունների ծրագիր.

1.Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն.

2.Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում.

3.Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում.

4.Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում.

5.Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում.

6.Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում` հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով.

7.Զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում.

8.Արցախահայության (այդ թվում` փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում եւ կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում.

9.Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում.

10.Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ եւ այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում.

11.Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում.

12.Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում.

13.Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում:

Լսելով Մարուքյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց. «Ճառ ասելուց պետք է անցնեք զանգ կախելու»:

Մարուքյանն արձագանքեց՝ հարցն այն է, որ ճառ ասողները իշխանություններն են. <Ի՞նչ էր գնում ձեզանից, որ օրինակ, դոնորների համաժողով հրավիրեիք, զինաթափեիք զինված խմբերին: Չեք արել, մենակ ճառ եք ասել: Եթե լուծման ընթացքը տեսնեինք, կասեինք: Օրինակ, Արցախում սոցիալական խնդիրների ուղղությամբ կոնկրետ քայլեր արվում են»:

«Իմ քայլից» Վահագ Հովակիմյանն ասաց, որ ժողովուրդն ընտրել է: Մարուքյանն էլ արձագանքեց, որ ժողովուրդն ընտրել է «Իմ քայլը» դաշինքին, բայց վարչապետին կարող են փոխել: Ըստ Վահագն Հովակիմյանի, դրա շուրջ չկա կոնսենսուս. «16 պլյուսում կա կոնսենսուս, որը ժողովրդի հետ կապ չունի»:

Իմքայլականներն ասացին, որ բացասական եզրակացություն են տալու ու դեմ են քվեարկելու, այդպես էլ արեցին: Իսկ Մարուքյանը հայտարարեց. «Դուք բոլորով դասեր չեք քաղել այս արհավիրքից, որը հղի է նոր արհավիրքով: Եթե կողմ քվեարկեք խորհրդարանում սկսենք քննարկել այս հարցերը, միգուցե լուծումներ գտնենք: Եթե չէ՝ դուք գիտեք: Սա եւս մեկ արձանագրում է, որ այն գիտակցումը չկա, թե ինչ է տեղի ունեցել: Իմ մոտ տպավորություն է, որ սա նախապատերազմյան խորհրդարանն է ու նախապատերազմյան «Իմ քայլը» դաշինքը»:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում զանգ կախելու հետ կապված Մարուքյանն ասաց. «Իսկ ի՞նչ պետք է ես անեի: Ես հրամանատա՞րն եմ, բանակցո՞ղն եմ, վարչապե՞տն եմ,գլխավոր շտաբի պե՞տն եմ: Մարդիկ չեն կարողանում գիտակցել, որ պառլամենտ՝ նշանակում է խոսելու վայր ու մենք պետք է խոսեինք ռազմագերիներին չհանձնելու պրոցեսից ու պետք է միջազգային հանրությանը համախմբեինք Ադրբեջանին ճնշելու իմաստով: Հենց այդ խոսելու ու զանգ կախելու հարցը իշխանության վրա է մնացել, որովհետեւ իրենք հիմա ոչ խոսելու տեղ ունեն, ոչ էլ զանգ կախելու ունակություն ու կոմպետենցիա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031