Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երկրորդ անգամ գաղթի ճանապարհը բռնած ընտանիքը պատմել է պատերազմի ընթացքում տեսածն ու ապրածը

Հունվար 13,2021 18:25

Ծովինար Հասրաթյանի ընտանիքը արդեն երկրորդ անգամ է գաղթում Արցախից։

Առաջին Արցախյան պատերազմում եղբորը կորցրած Ծովինարը նշում է՝ իրենք արդեն միշտ մի հավաքած ճամպրուկ են ունենալու գաղթի ճանապարհը նորից բռնելու համար։

Ծովինարը, որը Ստեփանակերտի պետական համալսարանում հայոց լեզվի և գրականության դասախոս է աշխատում, պատմում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին արկերը ընկել են հենց իրենց շենքի վրա։

Երեք անչափահաս երեխաների հետ Ծովինարը սկզբում չի էլ մտածել, որ դա արկի ձայն է, սակայն փորձառու զինվորական ամուսինը միանգամից ճանաչել է արկի ձայնը. «Չեմ կարող բացատրել, թե ինչ ահասարսուռ ձայն էր այդ արկերի պայթյունի ձայնը։ Մեր շենքը տեղակայված է «Կարմիր խաչի» և էլեկտրակայանի կողքին և հենց այդ պատճառով առաջին հերթին թիրախավորվել է մեր շենքը։ Բարեբախտաբար, մեր շենքի վրա ընկած արկերը չեն պայթել, այլապես մենք այսօր ողջ չէինք լինի»։

Պատերազմում արդեն հմտացած ընտանիքը անմիջապես իջել է նկուղ՝ անդադար պայթող արկերից պաշտպանվելու համար։

«Չեմ կարողանում հասկանալ, թե ես ու երեխաներս ոնց ենք կարողացել այդ նկուղում երեք օր ապրել, քանի որ նկուղը ահավոր վիճակում էր։ Ոչ լույս կար, ոչ ջուր ոչ զուգարան։ Մենք երեխաների հետ քնում էինք հողի ու փոշու մեջ ու չնայած վտանգին՝ ստիպված էինք լինում պարբերաբար բարձրանալ տուն, որպեսզի սանհանգույցից օգտվեինք կամ սնունդ իջեցնեինք։ Ցավալին այն է, որ էլիտար շենքերում ապաստարանները ընդհանրապես մեր ապաստարանի նման անմխիթար չէին։ Այնտեղ լույս էր կար, զուգարան էլ։ Բայց այդպես չպետք է լինի պատերազմական գոտում գտնվող երկրում։ Չպետք է լինի հարուստի ու աղքատի ապաստարան»,- դժվարությամբ հիշում է Ծովինարը։

Երեք օր ապաստարանում մնալուց հետո, երբ Ծովինարը հասկացել է, որ այլևս ոչ ոք չի մնացել ապաստարանում, ամուսինը պնդել է, որ իրենք ևս լքեն քաղաքը։

«Այդ ճանապարհին ես վերհիշեցի առաջին Արցախյան պատերազմը, երբ ես իմ ծնողների հետ առաջին անգամ բռնել էինք գաղթի ճանապարհը։ Այդ պատերազմում ես կորցրեցի իմ եղբորը ու մորս հետ, սուրբ մասունքի պես ճամպրուկի մեջ եղբորս իրերը դրած, փախչում էինք քաղաքից»,- հազիվ արցունքները զսպելով պատմում է Ծովինարը։

Այդ անվերջ թվացող դժողքային ճանապարհով, որն ավելի շատ ֆիլմ է հիշեցնում՝ Ծովինարը իր երեք անչափահաս երեխաների հետ կարողացել է հասնել Երևան. «Ճանապարհին մարդկանց խուճապային հայացքները, պայթող արկերը, իրենց հետ միայն մի քանի շոր վերցրած ու մոլորված ընտանիքների վախը միայն ֆիլմերում կարելի է տեսնել։ Մենք ամեն վայրկյան պայթող արկերի ձայնի տակ մի ամբողջ օր ճանապարհ գնացինք, մինչև հասանք Երևան։ Հասնելիս միակ միտքն այն էր, որ այս անգամ էլ փրկվեցինք»։

Երկու շաբաթ Երևանում բարեկամի տանը մնալուց հետո Ծովինարը երեխաների հետ տեղափոխվել է Դիլիջան, որտեղ մոտ երկու ամիս ապրել է երեք երեխաների հետ։ Իսկ 27 տարի հայրենիքին ծառայած տանկիստ ամուսինը, չնայած առողջական խնդիրներին՝ մնացել է Արցախում և եղել պատերազմի առաջնագծում. «Ամուսինս, չնայած թոշակի անցած զինվորական է և առաջին Արցախյան պատերազմից հետո ունի ուղեղի ցնցում, պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում։ Սա արդեն երրորդ պատերազմն է, որին ամուսինս մասնակցում է։ Երևի Աստծո պարգև է, որ նա ողջ մնաց»։

Ծովինարը, որն, իր խոսքով՝ արդեն պրոֆեսիոնալ գաղթական է դարձել, վստահ չէ, որ նորից հարկ չի լինի հավաքել ճամպրուկներն ու լքել քաղաքը. «Ասում են, որ ռուս խաղաղապահներն են կանգնած և անվտանգ է ապրելը, բայց ես առաջին պատերազմից գիտեմ, որ ադրբեջանցիները ռուսական բանակի շորերով մտել էին մեր քաղաք և առևանգել բնակիչներին, այն ժամանակ գերեվարեցին նաև իմ հորեղբորը։ Ես հիշում եմ, որ մենք 60 հազար դրամին համարժեք գումար տվեցինք թուրքերին, որ վերադարձնեն հորեղբորս։ Ես տեսել եմ նրանց ձեռագիրը, դրա համար չեմ կարծում, որ կարող եմ հանգիստ ապրել, բայց ես միակը չեմ այդպես, ամբողջ Արցախն է վախը սրտում ապրելու։ Հիմա ավելի հմուտ ենք դարձել գաղթելու հարցում։ Ես միշտ մի ճամպրուկ պատրաստ եմ պահելու, որ հարկ եղած դեպքում նորից բռնենք գաղթի ճանապարհը»,- արցունքը հազիվ զսպելով նշում է Ծովինարը։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031