Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր չափերի մեջ մնացեք». Մելքումյանը վրդովվեց իշխանական պատգամավորի ասածից եւ դուրս եկավ

Հունվար 13,2021 18:14

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որով, հիշեցնենք, սահմանվում են գործունեության այն տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:

Լիագումար նիստերի օրակարգում առաջին ընթերցմամբ արդեն իսկ քննարկված օրինագծի ներկայացման ժամանակ հեղինակը նշել էր, որ օրավարձով աշխատողները գրանցված աշխատողներ չեն, եւ պետությունը չի կարող նրանց նույնականացնել, իսկ այս փոփոխությամբ որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, այսինքն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են համարվում նաեւ այն աշխատողները, որոնք կատարում են ներտնային վերանորոգման, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման եւ մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային աշխատանքներ, ներտնային մաքրման, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ծառայություններ:

Այսօր հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց. «Դրական չեմ տրամադրված նախագծի հանդեպ: Նորից նույն հարցն է առաջանում: Երբ, օրինակ, խոսում եք դայակներից կամ մաքրության ծառայություն մատուցողներից, ես տեղյակ եմ, որ կան կազմակերպություններ, որոնք կազմակերպում են այդ աշխատանքները: Այն մարդիկ, որոնք գնում են տուն մաքրելու, շատ են, այսպես թե այնպես որեւէ տեղում չեն գրանցվում: Իմ կարծիքով՝ այս քայլը ոչ թե հանգեցնելու է նրան, որ այդ մարդկանց գրանցեն, այլ հակառակը՝ ծառայություն մատուցող եւ աշխատողներ ունեցող կազմակերպություններն իրենց աշխատողներին կսարքեն «հատիկավոր» աշխատողներ եւ որպես միկրոձեռնարկատերեր, ու կխուսափեն հարկերից: Այս ռիսկն էլի եմ ասել ձեզ: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ենք անում սրանով»:

Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Երբ մաքրուհի են աշխատում, ամիսը մեկ չեն փոխում, որովհետեւ մաքրուհին քո տուն է մտնում, նշանակում է՝ տարիներով աշխատում է, վստահում ես նրան: Նույնն էլ դայակները, ծերերի խնամքով զբաղվածները: Նման դեպքերում խոշոր կազմակերպություններին չեն դիմում, այլ վստահելի մարդու, բացի այդ՝ կազմակերպություններին դիմելու դեպքում ծառայությունների գներն ավելի բարձր են»:

Ծովինար Վարդանյանը նշեց. «Հարցիս պատասխանը չստացա»: Մելքումյանն արձագանքեց. «Ես էլ ձեր հարցի իմաստը չհասկացա: Այսինքն, պետք չի, որ մենք իրար հետ վիճենք»: Ծովինար Վարդանյանն ասաց, որ չի վիճում, այլ հարցնում է. «Եթե չընկալեցիք ասածիս իմաստը, դա արդեն ձեր խնդիրն է»,-ասաց Մելքումյանը:

Ծովինար Վարդանյանը շեշտեց՝ եթե իր հարցը հասկանալի չէ, նորից կհնչեցնի, Մելքումյանն էլ պատասխանեց, որ պետք չի, չի ուզում լսել:

Միջամտեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը. «Նման տրամադրվածությամբ, պարոն Մելքումյան, առաջ չենք գնա: Ի՞նչ է նշանակում՝ դուք հարց մի տվեք»:

Ծովինար Վարդանյանը հավելեց. «Եթե պարոն Մելքումյանն իմ հարցին տրամաբանական պատասխան ունենար, կպատասխաներ, եւ խուսափելը չփարատեց իմ կասկածները ռիսկերի մասին: Դեմ եմ նախագծին»:

Միքայել Մելքումյանն էլ իր հերթին նշեց. «Ձեր կարծիքը դա ձեր կարծիքն է: Ես էլ կարծում եմ, որ ձեր հարցադրումներն անտրամաբանական են: Դուք մնացեք ձեր չափի մեջ եւ ավելորդ բաներ մի հնչեցրեք: Դուք մշտապես ինչ-որ բաներ եք արել, մնացեք ձեր չափի մեջ, մշտական անտրամաբանական հարցադրումներ եք արել»:

Բաբկեն Թունյանը կրկին միջամտեց. «Բոլորն իրենց չափի մեջ պետք է մնան»:

Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ նախագիծը հանում է օրակարգից, որովհետեւ իրենց կարծիքներն էականորեն տարբերվում են եղած մոտեցումներից. «Չեմ ուզում քաղաքական ելույթներ ունենալ, բայց այն օրենքները, դրանց տրամաբանությունը, որը դուք անում եք, երկիրը տանում է դեպի խորը ճգնաժամ: Ցտեսություն, շարունակեք ձեր ձեւով»: Նա դուրս եկավ նիստերի սրահից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031