Լրահոս
Օրվա լրահոսը

Իմքայլականները մերժեցին նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրավաչափության հարցը քննարկելու նախագիծը, Վլադիմիր Վարդանյանը առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել

Հունվար 13,2021 18:06

«Սա քաղաքական մարմին է, հիմա դուք ուզում եք Ադրբեջանից ռազմագերիներին ստանա՞ք, թե Տարոն Սիմոնյանին բացատրում եք, թե ԱԺ-ն ինչ իրավասություն ունի: Պարզ է, որ Քարվաճառից զորքերը դուրս են եկել, ժամանակավրեպ է դարձել, բայց 8-րդ կետը չի իրացվել: Խորհրդարանին պետք է տալ հնարավորություն՝ սրա վերաբերյալ հայտարարություն անելու: Ո՞վ է ասել, որ խորհրդարանը որպես դատարան է հանդես գալու: Մենք բեռ ենք ստանձնել՝ որպես պետություն մեր բեռը կատարել ենք, մինչդեռ մյուս կողմը չի կատարել: Հիմա երկրորդ բեռն է վերցրել վարչապետը: Էլ չենք կարող խոսել Լաչինի մասին, որովհետեւ զորքերը դուրս են բերված, բայց 8-րդ կետի մասին կարող ենք խոսել: Ի լուր աշխարհի կարող ենք հայտարարել, որ Ադրբեջանը խախտում է Ժնեւյան կոնվենցիան»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» հարցը: 

Իմքայլականները պնդում են, որ որեւէ հարցի իրավաչափության հարց ԱԺ-ն իրավասություն չունի քննարկելու: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, համատեղ հայտարարություն մշակել ու ուղարկել միջազգային գործընկերներին. «Պետք է ընտրել ճիշտ ձեւաչափ: Գերեվարված անձանց ծնողներին պետք է արդյունք, այլ ոչ թե քննարկում: Հավատացեք, բոլորս սրտացավ ենք»:

Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ աշխատանքային խումբ ստեղծելը այդ նախագծին չի խանգարում. «Ռազմագերիների վերադարձի հետ կապված ինչ հարց կա՝ հաշվեք 24 ժամ ձեր տրամադրության տակ ենք ե՛ւ ես, ե՛ւ իմ գործընկերները: Բայց այս քաղաքական հայտարարության տեքստը կօգնի իրավական գործընթացներին: Եթե ուզում եք սա մերժեք, անցնի գնա՝ արեք, դրա իրավունքն ունեք, ինչ ասեմ»:

Իմքայլականները դեմ քվեարկեցին ու նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031