Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առիթ կամ պատճառ ավելի քան չկա, հետևաբար ոչ էլ մտածում ենք, որ մենք ենք այդ երկու հեռուստաընկերություններից մեկը, որ պետք է չստանա հաճախականություն». Շավարշ Գևորգյան

Հունվար 13,2021 17:50

Հունվարի 14-ին ու 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կամփոփի հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաալիքների սփռման հաճախականությունների մրցույթների արդյունքները:

Արդյունքում մի քանի հեռուստաընկերություններ կզրկվեն եթերից:

Հիշեցնենք՝ հայտարարվել է 25 հաճախականության մրցույթ, որից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 13-ը՝ մարզային հեռարձակման համար: Հանրապետական 6 տեղի համար պայքարում է 12 հեռուստաընկերություն, մայրաքաղաքային 9 հաճախականության համար դիմել է 4 հեռուստաընկերություն, իսկ մարզային 8 հաճախականության համար 13 հեռուստաալիք: Արարատի և Վայոց ձորի մարզերից հայտեր չեն եղել:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նոյեմբերի 18-ի նիստում հրապարակվեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:

Հանրապետական սփռման 6 հաճախականության համար պայքարում էին «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքը, Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը (Հ2), «5-րդ ալիքը», «Կենտրոն TV»-ն, «Արմենիա TV»-ն, «Ա ԹՎ»-ն, «1in.am»-ը, «Freenews»-ը, «Ա1+»-ը, «Հանրային» հեռուստաընկերությունը, «Շանթ»-ը և «Երկիր Մեդիա»-ն: Նշենք, որ գործող հեռուստաընկերություններից մրցույթին չի մասնակցում «ԱՐ»-ը:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը չի բացառել, որ եթերից կզրկվեն ոչ ավելի, քան 2 հեռուստաընկերություններ ու նաև նշել է՝ «մեծ սյուրպրիզներ չեն լինի»:

Մամուլում շրջանառվում են հեռուստաընկերությունների անուններ, որոնք հնարավոր է զրկվեն եթերից. օրինակ՝ «ԱՐ»-ը, Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը (Հ2):

Aravot.am-ին ԱՐ հեռուստաընկերությունից տեղեկացրին, որ իրենք այս հարցի հետ կապված հունվարի 20-ին հայտարարություն կտարածեն:

Aravot.am-ը Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանին հիշեցրինք՝ տեղեկություններ կան՝ հնարավոր է դադարեցվի հեռուստաընկերության աշխատանքը, ի՞նչ տեղեկություններ ունեն, նա պատասխանեց. «Մենք տեղեկություններ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի դեռ հանձնաժողովի անդամները չեն քվեարկել: Բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա և չենք տեսնում որևէ թույլ կետ: Անգամ մեր ներկայացրած մրցութային առաջարկում, ընդհանրապես մեր 30-ամյա կենսագրության մեջ չկա մի կետ, որը կարող է առիթ հանդիսանալ հանձնաժողովի անդամներին բարձր գնահատական չդնել մեր հեռուստաալիքի ներկայացրած մրցութային առաջարկին: Այն, ինչ պետք է գնահատի հանձնաժողովը, օրինակ՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունն է, աշխատակազմն է, ֆինանսական մասն է և այլն: Մեզ մոտ ամեն ինչ, մի բան էլ ավելի, փայլուն վիճակում է: Այսինքն՝ մեր հեռուստաընկերությունը չունի ոչ ֆինանսական պարտք որևէ հաստատության կամ պետական բյուջեին, չունի որևէ վարկային միջոց ներգրավված, որով գոյատևում է, մեր շենք-շինությունն է նույնիսկ մեր սեփականությունը, չունենք նույնիսկ գեթ մեկ րոպե ուշացված աշխատավարձ հեռուստաընկերության աշխատակազմին: Աշխատակազմի երեսուն տոկոսը 20 տարի միայն այստեղ է աշխատում: Այսինքն՝ աշխատանքային փորձի առումով նույնիսկ աշխատակազմի խնդիր չունենք: Հաղորդումների գերակայությունը մեր սեփական արտադրության հաղորդումներն են՝ բացառությամբ ֆիլմերի, Անգլիայի պրեմիեր լիգայի: Այսինքն՝ առիթ կամ պատճառ ավելի քան չկա, հետևաբար ոչ մտավախություն ունենք, ոչ էլ մտածում ենք, որ մենք ենք այդ երկուսից մեկը, որը պետք է չստանա հաճախականություն»:

Պահանջներից է նաև էթիկայի նորմերին և էթիկայի կանոնագրքին միանալու պահանջը, որը գնահատում է հանձնաժողովը: Այս առիթով Շավարշ Գևորգյանը մանրամասնեց. «Երևանի մամուլի ակումբի էթիկայի կանոնագրքին հեռուստաընկերությունների մեծամասնությունը միացել է վերջերս, քանի որ դա օրենքի պահանջ էր: Մենք և «Երկիր մեդիան» կանոնագրքին միացել ենք դեռ 2010-ին, երբ օրենքի պահանջ էլ չկար: Եվ անցած տասը տարիների ընթացքում մեր հեռուստաընկերությունների հետ կապված բողոք, վարույթ, վարույթի քննություն և ինչ-որ բան ընդհանրապես չի եղել: Գործել ենք օրենքի տառին և էթիկական նորմերին համապատասխան»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ սկսվեց Հ2-ի անունը շոշափվել, Շավարշ Գևորգյանը պատասխանեց. «Միայն հայկական երկրորդ հեռուստաալիքի անունը չէ: Մի շարք հեռուստաընկերությունների անուն են տալիս: Ենթադրել կարելի է, որ իշխանության հասցեին քննադատություն են հնչեցնում, և պետք է որ դա առիթ հանդիսացած լինի այդ հոդվածը գրողի համար նման եզրահանգման»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ Հայկական երկրորդ հեռուստաալիքն այս մրցույթում կոնկրետ ո՞ր հեռուստաընկերության հետ է մրցում, նա պատասխանեց. «Առաջվա նման չէ, որ մեկ հաճախականության մրցույթ էր հայտարարվում և այդ մրցույթին դիմում էին երկու, երեք, չորս հեռուստաընկերություններ, և մրցույթն ընթանում էր դրանց միջև: Հիմա կոնկրետ տեղերի թիվ է հաճախականությունների հանրային մուլտիպլեքսում, և կա կոնկրետ հեռուստաընկերությունների թիվ, որոնք հավակնում են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում: Եվ ամենաշատ միավորներ հավաքած հեռուստաընկերությունները հնարավորություն են ստանում հեռարձակվելու կոնկրետ թվով մուլտիպլեքսով: Այսինքն՝5 տեղ է, առաջին հինգ ամենաշատ միավորներ հավաքած հեռուստաընկերություններն են հնարավորություն ստանում հեռարձակվելու»:

Հարցին՝ եթե հանկարծ մրցույթում չհաղթեն, բողոքարկելո՞ւ են, Շավարշ Գևորգյանը պատասխանեց. «Իհարկե, գոյություն ունեն դատական ատյաններ: Չեմ ուզում մտածել դրա մասին, բայց ամեն ինչ օրենքով սահմանված կարգով հնարավոր է անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031