Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետո իմացա, որ մայրս մահացել է, քույրս, տեգորս կինը վիրավոր են, երեխան մահացել է: Խելագարվելու վիճակ էր». Լուսինեի տեսած պատերազմը

Հունվար 13,2021 17:28

Էլլադա Բալայանի տան բակը պատերազմի ավարտից հետո էլ դեռ մարտի դաշտ է հիշեցնում: Անօդաչու թռչող սարքի հասցրած հարվածներից վնասվել են հավաբունը, տան ցանկապատը եւ բակի այլ հատվածներ:

Սակայն ինչպես դուստրը՝ Լուսինե Հարությունյանն է ասում՝ այդ ամենը վերականգնելի են, միայն մորը հետ չի բերի:

Տիկին էլլադան Մարտունիում զոհված առաջին կինն է, որը մահացել է գլխի, սրտի շրջանում ստացած ծանր վնասվածքներից՝ հենց բակում: Նրան սեպտեմբերի 27-ին սպանել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը: Մարտունիում մարդիկ այս դեպքը ցավով ու զարհուրով են հիշում: Առաջինն էր, դեռ չէին հասցրել ընտելանալ պատերազմի սարսափներին: Նույն օրը անօդաչուից մահացել է նաեւ Լուսինեի ամուսնու եղբոր երեխան՝ Վիկտորիան:

Լուսինեն ամուսնու, երեխաների հետ Ջեբրայիլում է եղել, երբ պատերազմը սկսվել է: Ամուսինը զինծառայող է: Ասում է՝ վերցրել է չորս երեխաներին ու արագ դուրս են եկել՝ գնացել Երեւան: Հարձակումն այնքան ուժգին է եղել, որ անգամ երեխաների հագուստը չի հասցրել վերցնել, մի կերպ 4 երեխաներին է փրկել. «Նստեցինք ավտոն ու փախանք, կես ժամից մտել են Ջեբրայիլ: Մեր մեքենայի հետեւից այնքան խփեցին, մեքենան ասկոլկաների մեջ կորած էր: Հիմա ենք ասում՝ ո՞նց փրկվեցինք»: Ասում է՝ Ջեբրայիլում 15 տարվա ունեցվածքն է թողել:

Լուսինեի քույրը նույնպես ծանր վիրավորում է ստացել, բայց հաջողվել է կյանքը փրկել: Քույրը Արցախ վերադարձի մասին լսել անգամ չի ուզում, հատկապես, որ մայրն այլեւս չկա: Լուսինեն պատմում է, որ, երբ առաջին հրետակոծությունը եղել է՝ արագ մորն է զանգել, որը հորդորել է Մարտունիի կողմերը չգնալ, բայց չի ասել, որ այնտեղ էլ վիճակը լուրջ է. «Ասեց՝ մատաղ լինեմ, շուտ դուրս եկեք, բայց չգաք էստեղ, գնացեք լրիվ ուրիշ տեղ: Հետո իմացա, որ մայրս մահացել է, քույրս՝ վիրավոր է, տեգորս կինը վիրավոր է, երեխան մահացել է: Խելագարվելու վիճակ էր, չգիտեի՝ ինչ անեի»:

Լուսինեն ստիպված է եղել նաեւ հարազատներից մեկի երեխային մայրություն անել, քանի որ երեխայի մայրը նույնպես վիրավոր է եղել:
«Այդ հինգ երեխաներին վերցրած՝ ընկած էի Երեւանի չոլերը: Թե այսքան ցավը տարած ո՞նց եմ պահել՝ չգիտեմ: Մտածում էի՝ ես էնքան ուժեղ եմ, որ այսքան ցավին դիմացա»:

Լուսինեն չորս երեխաների հետ մոտ քսան օր առաջ է վերադարձել հայրական տուն՝ Մարտունի: Ասում է՝ չի կարող հորը մենակ թողնել:
Լուսինեի խոսքով, նախքան պատերազմը որոշել էին մոր 60-ամյակը մեծ շուքով նշել. «Ինքը վզնոց էր սիրում, որոշել էինք ոսկե վզնոց առնել, բայց տունը թողեց դատարկ՝ գնաց: Հիմա տունը դատարկություն է»:

Լուսինեի պատմելով, մայրը 20 տարուց ավել Մարտունու հիվանդանոցում է աշխատել, շատերին է բուժօգնություն ցուցաբերել, բայց այսօր նրան փրկել չեն կարողացել: Ասում է՝ այդ օրերին Մարտունու ճանապարհները թշնամու թիրախում են եղել, շտապօգնության մեքենաները մեծ վտանգով են գնացել՝ եկել, անգամ թաղումներն արագացված են եղել:

Բալայանների տունը երկրորդ անգամ է հրետակոծվում: Առաջինը 1992 թվականին է գետնին հավասարվել: Ամուսինները զրոյից տուն տեղ են դրել: Այսօր տունը տեղում է, բայց տիկին Էլլադան այլեւս չկա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031