Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանի երբեմնի մտերիմ Սմբատ Հակոբյանը քննադատում է նրան. «Չեմ հասկանում, թե այսօր նա ինչու է կանգնել իբր ընդդիմության կողքին»

Հունվար 13,2021 17:22

«Դեռևս տարուց ավելի առաջ տրված իմ հարցազրույցներում ես նշել եմ, որ լայնածավալ պատերազմը մոտ է, և բոլորս ազգովին պետք է դրան պատրաստ լինենք: Դա միայն գերագույն գլխավոր հրամանատարի գործը չէ, միայն պաշտպանության նախարարության գործը չէ, միայն անվտանգության համակարգի գործը չէ, միայն ոստիկանության գործը չէ: Ոչ միայն պաշտպանական համակարգն ու համապատասխան ծառայությունները պատրաստ չէին պատերազմին, այլ ազգաբնակչությունը: Ես կարող եմ հարյուրավոր փաստեր ու ապացույցներ բերել, պարզապես այսօր կան ռազմական գաղտնիք բացահայտելու խնդիրներ, այդ պատճառով գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին ես կխոսեմ համապատասխան գերատեսչությունների հետ»,- այսօր «Արարատ» մամուլի ակումբում հայտարարել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

Նա բարկությամբ հիշեց, որ տարիներ շարունակ անվանի գործիչներ կրծքներին խփելով ասել են, որ շուտով Բաքվում թեյ են խմելու, բայց այսօր, ցավոք, նորից կոտրած տաշտակի առաջ կանգնեցինք. «Այն, որ հաղթելու ենք, որևէ մեկը թող չկասկածի, այն, որ հայ ժողովուրդը հաղթած է դուրս գալու՝ կրկին թող ոչ ոք չկասկածի: Դրանում ես համոզված եմ 30 տարի Հայաստանում բնակվելով և ազատամարտիկ կոչվելով»,- նշեց ազատամարտիկը՝ հավելելով, որ ԱԹՍ-ները գլխին ապրող ժողովրդի ոգին անկոտրում է, հայի ոգին անկոտրում է:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ Սմբատ Հակոբյանն ասաց. «Այսօրվա իբր ընդդիմությանը ես անվանում եմ մարած արժեթղթեր, որոնց ժամանակը վաղուց լրացել է: Նրանք ժամանակին եղել են բարձր պաշտոնների, ունեցել են լուրջ լծակներ, բայց ոչինչ չեն արել: Ինձ համար անտանելի է, որ բանակից փախած մարդիկ եկել կանգնել են ցույցի՝ այդ իբր ընդդիմության մեջ: Սա քառօրյան չէր, որ գնայինք մի քանի օր զուռնա-դհոլ խփեինք, խորոված-քյաբաբ ուտեինք, հետ գայինք ու ասեինք, որ հաղթական քայլ ենք արել:»

Դիտարկմանը, որ ինքը մտերիմ է Վազգեն Մանուկյանի հետ՝ Հակոբյանը հակադարձեց. «Անձնական հարաբերությունները կապ չունեն: Վազգեն Մանուկյանի վարչապետ եղած ժամանակ ես եղել եմ իր՝ անվտանգության հարցերով օգնականը, պաշտպանության նախարար եղած ժամանակ՝ սերտորեն համագործակցել ենք: Վազգեն Մանուկյանը հայրենիքի համար շատ բան է արել, բայց ես չեմ հասկանում, թե այսօր նա ինչու է կանգնել իբր ընդդիմության կողքին: Չես կարող նստել կեղտի տակառում և ասել՝ վրայիցս հոտ չի գալիս. Բա ինչու՞ ես նստել կեղտի տակառում: Նա կարող էր պատերազմի թեժ պահին լինել վարչապետի խորհրդական: Այն պահին, երբ հայրենիքն ու պետությունը վտանգված էին, ոչ թե հիմա՝ պատերազմից ավարտից հետո դառնար ընդդիմություն:

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը խոսեց նաև տարիներ շարունակ բանակում վարված կադրային քաղաքականության մասին. «Մարդկանց, որոնք զինվորական գործից բացարձակ բան չեն հասկանում եսիմ որ «քուչեքից» բերեցին դարձրին գեներալներ, դրա համար այս օրն ընկանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031