Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել ու արարել իր հայրենիքում և կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները. Արարատ Միրզոյան

Հունվար 13,2021 17:09

1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված և զանգվածային կոտորածի։

Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության։ Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով։

Անկախ այս բարդագույն իրավիճակից և ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել և արարել իր հայրենիքում և կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները։ Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող։

Առավել դիպուկ, քան Սարոյանն է ձևակերպել, կարծում եմ հնարավոր չէ ասել․ «Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, և աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեք, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ

ՀՀ ԱԺ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031