Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե կրակոց արձակելու փորձ անեն, կզղջան». Ամարասի վանահայրը՝ ադրբեջանցիներին

Հունվար 13,2021 16:41

Ամարասի վանահայր Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանն այն հոգեւորականներից է, որ մասնակցել է եւ Ապրիլյան, եւ Արցախյան երկրորդ պատերազմին: Aravot.am-ի խնդրանքով Հայր սուրբն անդրադարձավ Ամարասի վանական համալիրին անվտանգության առումով, քանի որ պատերազմից հետո այն հայտնվել է սահմանագծին, իսկ թշնամու զորքը մոտեցել է Ամարասին:

Հայր Գեղարդը նշեց, որ դեռեւս պատերազմից առաջ «Լույս» հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր համալիրը, պատերազմից հետո, սակայն շինարարությունը կանգ է առել: «Հիմա պետք է շարունակենք շինարարությունը, որը չորս փուլից է բաղկացած: Առաջին փուլը ավարտել ենք, այժմ երկրորդը պետք է սկսվի:

Ընդհանուր առմամբ, չասեմ, թե վանքը շատ վտանգված է, բայց անվտանգության խնդիրներ կան, թեկուզ ես, կամ եթե այնտեղ աշխատող բանվորները գիշերը մնանք: Մեկ գիշեր, երկու գիշեր, լավ երեք կամ չորս ամիս, բայց այնտեղ ունենք լրջագույն խնդիր, եթե շարունակելու են մեր թշնամիները մեր դիմացի բարձունքի վրա լինել, որտեղ խաղողի այգիներ ունենք, ցորենի արտեր, գյուղացիներն ինչպե՞ս են գալու-գնալու ու մշակելու: Եթե գյուղացիները չեկան-չգնացին, Ամարասը վերանորոգելն անիմաստ կլինի, չէ՞ որ վերանորոգվում է, որ ուխտավորներ գան, մնան…Ամբողջ խնդիրը դա է: Էլի եմ կրկնում՝ բայց սարսափելի վատ վիճակ չէ, եւ մեր զորքն է այնտեղ»:

Նա ասաց, որ մի քանի անգամ հանդիպել է եւ ռուսական կողմին դիմել է ռուսական «պոստ» տեղադրելու, ռուս խաղաղապահների հերթափոխի համար, պատասխանել են, որ համաձայն են, սակայն հարցը պետք է քննարկվի: «Նաեւ ասացին, որ եթե մեր դրոշը դրված է, դա արդեն նշանակում է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է գտնվում համալիրը, եւ անգամ մի կրակոցը նշանակում է պայմանավորվածության խախտում, ինչի համար ադրբեջանական կողմը կզղջա ու պատասխան կտա: Հիմա քննարկումների մեջ ենք: Շեշտն իմ կողմից դրված է այն բանի վրա, որ Ամարասը պետք է շարունակի վերանորոգություն իրականացնել; Եվ եթե վերանորոգեցինք, վերջացրինք բոլոր սենյակները, ու խնդիր եղավ, դա նման կլինի նրան, որ բարձրահարկ շենքը կառուցեն եւ ոչ ոք չապրի»,-ասաց Ամարասի վանահայրը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ պատերազմական գործողությունների ժամանակ արդյոք թշնամիները եղել են Ամարասում, Հայր Գեղարդը դժվարացավ պատասխանել.­ «Բայց որ Ամարասի մոտ եղել են, առաջ շարժվել են, կրակ է եղել Ամարասի վրա թե Գրադ կայանքից, թե դիպուկահարների կողմից, փաստ է»:

Հայր Գեղարդի ձեւակերպմամբ, Ամարասը ապրեցնելու թիվ 1 պայմանն անվտանգությունն է. «Ես, ինքս ոչնչից չեմ վախենում, կարող եմ այնտեղ զենքը ձեռքիս մնալ, ինչպես պոստերում էի, բայց հիմա եթե Ամարասը վերանորոգեցինք, բանվորները մնացին, չվախեցան, ի՞նչ է լինելու ուխտավորների դեպքում: Եթե ուխտավորները եկան խմբերով, ինչպես Գանձասար կամ Տաթեւ են գնում, մնում, այդ մարդկանց անվտանգությունը ե՞ս պետք է ապահովեմ, մեր բանա՞կը պետք է ապահովի, թե ռուսները երաշխիքներ կտան, որ ամեն բան լավ է լինելու:

Իհարկե, հիմա էլ ցերեկով կարող են ուխտավորներ գալ, մեր զորքն է այնտեղ, անվտանգ է, կարող են պտտվել, մոմը վառել, դուրս գալ, եկեղեցին բաց է, ուղղակի Ամարասի հետագա կյանքն ինչպե՞ս է շարունակվելու, այս պայմաններո՞վ, թե վանքն իր ազատ գործունեությունն է շարունակելու»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ այն հարցին, որ որոշ ժամանակով վանքի հիմնական մուտքը փակվել էր: Ամարասի վանահայրը նշեց, որ կենտրոնական մուտքն արդեն բաց է, որը ժամանակին շինանյութի պարկերով փակել էին այն բանից հետո, երբ ադրբեջանցիները փորձել էին մի քանի անգամ իջնել գյուղի ուղղությամբ:

«Իրենք, իհարկե, չեն կարող գյուղը գրավել, չեն համարձակվի, դա նոր պատերազմի շունչ է, բայց ամեն դեպքում մուտքը փակել էինք, վանքի հետեւի կողմից անցք էինք բացել, այդտեղից էին մտնում, դուրս գալիս: Հիմա այդ անցքը դեռ կա, բայց կենտրոնական մուտքը բացել ենք, ես մեքենայով հանգիստ գնում եւ առանց վախենալու, առանց կաշկանդվելու այնտեղ կանգնում եմ: Եթե որեւէ կրակոց արձակելու փորձ անեն, իրենք կզղջան, ես ինքս պատրաստ եմ՝ որպես հոգեւորական, որպես մեկը, որ ունակ է զենք վերցնելու, օգտվել գիտի զենքից, առավել եւս, որ մասնակցել է Ապրիլյանին եւ այս կռվին, վերցնեմ զենքը եւ իրենց մարտահրավեր նետել»,- ասաց Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031