Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարձր աշխատավարձով աշխատանք փնտրող տղամարդն ու գյումրեցիների անզուգական հումորը

Հունվար 13,2021 16:14

«Շիրակի մարզ, հայտարարություններ, գովազդ, առ ու վաճառք» ֆեսբուքյան խմբում, որտեղ տեղադրվում են տարբեր տեսակի գովազդներ, ապրանքների, բնակարանների առ ու վաճառքի հայտարարություններ, ընդհուպ մինչև «տնական, էկոլոգիապես մաքուր հավի ձու» վաճառելու մասին, այսօր մի ուշագրավ քննարկման ականատես եղանք։

Խմբի անդամներից մեկը՝ մի տղամարդ, գրել էր․ «Փնտրում եմ աշխատանք Գյումրիում՝ 150-200 000 դրամի կարգի, շատ շտապ»։

Այս հայտարարությունը բուռն քննարկման թեմա էր դարձել, օգտատերերից շատերը վերածել էին հումորի՝ իրականում ցույց տալով հանրապետության երկրորդ քաղաքի գործազրկության մակարդակը, այստեղ տիրող մտահոգիչ պատկերը։

Օգտատերերից մեկը կատակով արձագանքել էր․ «Աչքիս հեղափոխություն է եղել, մենք չգիտենք», մեկ ուրիշը գրել էր․ «Լեննագան դաժե քաղաքապետն էդքան փող չի ստանա»։

Մեկ այլ օգտատեր արձագանքել էր․ «Դե բա դասավորեք, տղեն քաղաքապետ նստի»։

Քննարկման մասնակիցներից մեկն էլ աշխատանք փնտրողին հասկացրել էր, որ չկտրվի իրականությունից․ «Իյա՜, երազ ես տեսե՞լ, կարո՞ղ է գիտես մարզպետի տեղը քեզ են տալու․ 30 հազար, էդ է, ուր կուզես կաշխատիս»։

Խմբի անդամներից մեկն էլ հումորով արձագանքել էր․ «Գյումրիում 300 հազարից են աշխատավարձերը սկսվում, ափսոս, չենք կարողանա քեզ օգնել»։

Քննարկման մի մասնակից էլ գրել էր․«Իբր գործ կա, էն էլ շատ շտապ, հա՞»։

Կային նաև օգտատերեր, որոնք նշել էին՝ եթե Գյումրիում 50 հազար դրամ աշխատավարձով էլ գործ գտնեք, հրաշք կլինի։

Կային մարդիկ, որոնք անկեղծորեն զարմացել էին՝ գրելով․ «Գյումրիո՞ւմ», նույնիսկ օգտատերերից ոմանք խնդրել էին․ «Որ գտար, ինձ էլ ասա, էլի»։

Խմբի մի անդամ էլ խորհուրդ էր տվել․ «150-200 հազարդ պակասեցրու, դարձրու 20-40 հազար, թե չէ 200 հազար, էս ինչ թվերից ես խոսում, այ ախպեր ջան»։ Մեկ ուրիշն էլ արձագանքել էր․ «Հլը նայե աշխատանք կգտնիս, որ մի հատ էլ աշխատավարձի չափ ես որոշել»։

Ինչևէ, հումորային այս գրառումը մեզ հարկադրեց մեկ անգամ ևս ուսումնասիրելու, թե Գյումրու շուկայում ինչ աշխատեղեր կան ու որքա՞ն է կազմում ամենաբարձր աշխատավարձը։

Ուսումնասիրեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի մասնաճյուղի թափուր աշխատատեղերի առաջարկները։

Ցանկում այս պահին կան 54 թափուր աշխատատեղեր, մեծամասամբ բուժաշխատողների պահանջարկ կա՝ բժիշկ-անեսթեզիոլոգի, բժիշկ-նյարդաբանի, բժիշկ-լաբորանտի, բժիշկ-նյարդավիրաբույժի, բժիշկ-ռեանիմատոլոգի։ Նրանց առաջարկվում է 75-85 000 դրամ՝ թե՛ ամսական, և թե՛ գործավարձային տարբերակով, աշխատանքային ժամերն առնվազն 9․00-16․00-ը։ Բուժքույրերին առաջարկվող աշխատավարձը ևս այդ սահմաններում է։ Ի դեպ, բավական մեծ է բուժքույրերի պահանջը։ Դեղագործերին ավելի ցածր աշխատավարձ է առաջարկվում՝ 60-68 000 դրամի սահմաններում ՝նույն աշխատաժամերի դիմաց։

Կան նաև գրտնակողի, դայակի, կարողի, դիմահարդարի, մատնահարդարի, վարսահարդարի թափուր հաստիքներ։ Կարողների աշխատավարձը համեմատաբար բարձր է․ ամսական 92 618 դրամ՝ 9:00-18:00 ժամաքանակի համար։ Մատնահարդարին, վարսահարդարներին առաջարկվում է 70-78 000 դրամ։

54 աշխատատեղ պարունակող ցանկում ամենաբարձր աշխատավարձը՝ 300 հազար դրամ, խոստանում են մորթիների, կաշիների տեխնոլոգին։ Մեկ այլ հայտարարությամբ էլ 200 հազար դրամ են խոստանում՝ կաշվի, մորթու, հումքի մշակողին։ 200 հազար դրամ աշխատավարձի մեկ այլ հայտարարություն էլ կա՝ կոշկակարի մասնագիտության համար։ Սրանով Գյումրիում բարձր աշխատավարձերը սահմանափակվում են։

Ի դեպ, եթե նախկինում Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի մասնաճյուղի հայտարարությունների մեջ գերակշիռ թիվ էին կազմում վաճառողների, մատուցողների, մենեջերների թափուր հաստիքները, այժմ դրանց պահանջարկը գրեթե չկա։ Սա ապացույցն է այն բանի, որ Գյումրիում սպասարկման ոլորտը ծանր վիճակում է․ խանութները, սրճարանները, ռեստորանները հերթով փակվում են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Humans of Gyumri էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ափսոս Ահարոն Ադիբեկյանը մեռավ, ինչքա՜ն, բան ուներ ձեր գրածից սովորելու:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031