Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թալանածը հետ բերելու նոր միջոց. հակակոռուպցիոն նոր դատարան է ստեղծվում ու նոր դատավորներ են ընտրում. Բադասյանը հիմնավորում է

Հունվար 13,2021 16:04

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում կառավարությունը քննարկման էր ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաեւ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը:

Հակակոռուպցիոն դատարանը գործելու է առնվազն 25 դատավորի թվակազմով, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը` պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ: Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գործելու է կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացման առնվազն 6, իսկ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացման` առնվազն 4 դատավորի թվակազմով:

Նիստից հետո լրագրողները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կոռուպցիոն բնույթի այն գործերը, որոնք հիմա քննվում են, հենց այս մարմինը ստեղծվի, կտեղափոխվեն այդտե՞ղ՝ պատասխանեց. «Ինքը, բնականաբար, դատական համակարգի մաս է կազմելու: Մենք հիմա ունենք մասնագիտացված դատարաններ՝ վարչական, սնանկության, սա էլ հերթական մասնագիտացված դատարանն է: Քննելու է ինչպես բոլոր կոռուպցիոն հանցագործությունները, այնպես էլ առանձին մասնագիտացում է լինելու դատարանի ներսում»:

Ինչ վերաբերում է արդեն քննվող գործերին, Բադասյանն ասաց, որ նպատակահարմար չի լինի դրանք տեղափոխել, որովհետեւ ստիպված կլինեն նորից սկսել: Հարցին՝ կարելի՞ է ասել, որ դատավորների եք այս միջոցով փոխում, չեք վստահում ներկայիս դատավորներին՝ Բադասյանը պատասխանեց, որ բոլոր նշված նպատակները արձանագրված են ավելի վաղ ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությամբ ու իրենց նպատակն է ապահովել մասնագիտացված դատավորների առկայությունը. «Եթե հարցը նրանում է՝ արդյոք վստահո՞ւմ ենք դատական համակարգին, թե՞ ոչ, կամ հանրությունը վստահո՞ւմ է թե՞ ոչ, ապա միանշանակ՝ ոչ: Մենք դրա մասին բազմիցս ենք խոսել: Այո, սա նաեւ հնարավորություն է բարեվարքության ստուգմամբ դատավորների ընտրությունն իրականացնելու: Արդեն ունենք գործող մեխանիզմը: Գործող դատավորները կարող են դիմել՝ պայմաններին համապատասխանելու դեպքում»:

Հարցին՝ այս փոփոխությունները բավարար գործիքակազմ տալի՞ս են, որ թալանածը վերադարձվի հանրությանը, ինչպես խոստացել էր վարչապետը՝ Բադասյանը պատասխանեց. «Այո, այս փոփոխությունները այդպիսի հնարավորություն ստեղծում են, բայց պետք չի բացարձականացնել, որովհետեւ քրեական գործերի շրջանակներում եւս կարող էին բացահայտվել շատ հանգամանքներ ու քրգործերի շրջանակներում հասու գործիքներ միջոցով պետությանը պատճառված վնասի հատուցման հարցերը կարող էին լուծված լինել: Այո, սա ձեր նշած նպատակներին հասնելու միջոցներից է»:

Այս դատարանների ստեղծման համար ԵՄ-ն տրամադրել է ՀՀ-ին 9 մլն եվրո, մնացած ծախսերը կկատարվեն բյուջետային միջոցներից. «2021 թվականի ծախսերը 1 մլրդ դրամի շրջանակներում է երկու դատարանների համար»,- ասաց նախարարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031