Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Հայաստանը գծեցին հարաբերությունների սահմանները. «Կոմերսանտ»

Հունվար 13,2021 15:51

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքները միանգամայն իրար հակասող գնահատական են ստացել Երևանում և Բաքվում: Ադրբեջանում հանդիպումը գնահատում են արդյունավետ, քանի որ դրանով պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանում ընդդիմությունը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին թուլակամության և հերթական անգամ դիրքերը զիջելու մեջ. հայ հասարակության մեջ առաջնահերթ խնդիր են համարում ռազմագերիների վերադարձի հարցը, փոխարենը բանակցություններում քննարկել են տնտեսական օրակարգը, ինչի վրա պնդում էր Ադրբեջանը, գրում է կրեմլամետ «Կոմերսանտ» թերթը:

Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում ակտիվ քննարկումներ են ընթանում վարչապետ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որն ընթանում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել ձևավորվել աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարությամբ, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ»: Խոսքը երկու հիմնական ուղղությունների մասին է:

Նախ, դա կլինի միջանցք Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան անկլավ, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդ, երկաթուղի Երևանից նույն Սյունիքի մարզ, որը կանցնի Նախիջևանի տարածքով: Երկու ուղղություններն էլ ակտիվորեն օգտագործվել են խորհրդային տարիներին, բայց երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այն դադարեց գոյություն ունենալ:

Նշված տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժել է նաև Ռուսաստանը: Երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում Ռուսաստանից Վրաստան գնացքների ընթացքը դադարեցվեց, Հայաստանը կորցրեց ամենահուսալի ճանապարհը իր հիմնական դաշնակցի տարածք՝ Ռուսաստան:

Արդյունքում Հայաստանի երկաթուղիները փաստացի կրճատվեցին մինչև մի փոքր հատված, որը կապում է Երևանը Թբիլիսիի հետ, իսկ Ռուսաստանից ապրանքները կարող են փոխադրվել միայն Ռազմավիրական ճանապարհով, որը պարբերաբար փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով:

Հայաստանի համար լուրջ աջակցություն կարող է լինել տնտեսական կապերի վերականգնումը Իրանի հետ, բայց դա էլ մինչ այժմ անհնար էր եղել՝ հաշվի առնելով, որ երկրները կապված են միայն լեռնային ճանապարհով:

Այդպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է ձեռնտու լինի բոլոր երեք երկրներին. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ դեպի Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ դեպի Ռուսաստան և Իրան: Բայց բանակցությունների արդյունքում իրեն հաղթող զգում էր միայն Ալիևը: Իսկ այ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կենտրոնացավ ոչ թե ձեռքբերումների, այլ առկա խնդիրների՝ ռազմագերիների ճակատագրի վրա, և որ Բաքուն չի ցանկանում քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, նկատում է թերթը:

Նիկոլ Փաշինյանի հիասթափությունը կիսում են նաև մյուս հայ քաղաքական գործիչները, իհարկե նրանք համոզված են, որ բանակցությունների «ձախողման» մեջ մեղավոր է հենց վարչապետը:

Օրինակ, խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ տնտեսական միջանցքների ապաշրջափակումը առանց այն էլ հիշատակվում էր նոյեմբերի 9-ի համաձայնագրում, նշանակում է՝ ավելորդ էր դա լրացուցիչ քննարկել: «Փաստացի, այդ օրակարգն առաջ է քաշվել մեր թշնամու կողմից, և այն շարունակում է գերիշխող լինել հայկական օրակարգի նկատմամբ»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ եթե հայտարարության մյուս կետերը իրականացվել և իրականացվում են «շվեյցարական ժամացույցի» ճշգրտությամբ, ապա հայ ռազմագերիների ճակատագիրը Բաքուն հրաժարվում է քննարկել:

«Ռազմագերիների հարցը չի քննարկվել երկու պատճառով: Նախ, ադրբեջանական կողմը հայ ռազմագերիներին հայտարարել է ռազմական հանցագործներ և փորձում է նրանց ճակատագիրը դարձնել բանակցությունների լրացուցիչ կետ: Երկրորդ, հայկական կողմը չի գտել բավարար չափով համոզիչ փաստարկներ՝ բացատրելու նման մոտեցման անարդյունավետությունը»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Մյուս կողմից, ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովը թերթի հետ զրույցում նշել է, որ բոլոր պահվողներին չէ, որ Բաքուն անվանում է ռազմագերիներ: «Մարդիկ, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ և դրանից առաջ, արդեն փոխանակվել են: Իսկ հիմա Հայաստանը ցանկանում է վերադարձնել 62 մարդու, որոնց ադրբեջանական բանակը զինաթափել է Հադրութի մոտ արդեն դեկտեմբերին: Նրանք դուրս էին եկել Հայաստանի Շիրակի մարզից նոյեմբերի վերջին՝ արդեն հայտարարության ստորագրումից հետո և սպանել են Ադրբեջանի 5 քաղաքացի: Ուստի նրանց դիտարկում են առանձին՝ որպես դիվերսանտներ»:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին կամ այնտեղ ապրող հայերին, ապա այստեղ Բաքվի դիրքորոշումը, ըստ Ֆարհադ Մամեդովի, էլ ավելի սուր կլինի: «Ադրբեջանը Հայաստանի հետ կքննարկի բացառապես միջպետական հարցեր: Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և Ղարաբաղի հայերի ապագան կարող է քննարկվել միայն միջազգային կազմակերպությունների և այլ միջնորդների, բայց ոչ Երևանի հետ»,- համոզված է նա:

«Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն էլ կարծում է, որ երեք երկրների առաջնորդների բանակցություններում «ամենահետաքրքիրը մնացել է փակ դռների հետևում», իսկ տնտեսական օրակարգն առաջին պլան են մղել միայն որպեսզի ցույց տան որոշակի արդյունք: «Անկասկած, Փաշինյանը ցանկանում էր հասնել գերիների և անհետ կորածների վերաբերյալ համաձայնագրի, բայց Ալիևն առայժմ հետաքրքրված չէ դրանով: Ալիևը, ամենայն հավանականությամբ, գոհ չէ խաղաղապահ առաքելության գործունեությունից, բայց Պուտինը պատրաստ չէ փոխզիջման գնալ այդ հարցում: Ի՞նչ է մնում: Անկեղծ և ընդհանուր շահ՝ ուղղված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների բացմանը»,- թերթի հետ զրույցում ասել է փորձագետը: Այնուամենայնիվ, դե Վաալը նշել է, որ այդ պլանը պետք է համարել երկարաժամկետ. այն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ենթակառուցվածք, այլև «քաղաքական կամք և համաձայնություն բազային մակարդակում, ինչը այժմ բացակայում է»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031