Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա արդեն եկել է վարկերը մարելու ժամանակը, ինչպե՞ս մարեն, գումարած՝ պատերազմը»,-Մեխակ Ապրեսյան

Հունվար 13,2021 15:33

«Կարող ենք ասել, որ զբոսաշրջությունը դեռ քնած է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մենք ունենք զգալի անկում, զբոսաշրջային այցելությունների նվազում»,-Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով, զբոսաշրջությունն ամբողջ աշխարհում կանգ առավ մինչ արցախյան պատերազմը, երբ աշխարհը համակել էր կորոնավիրուսը:

Մեխակ Ապրեսյանը` ներկայացնելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա վիճակը, մարտահրավերներն ու խնդիրները, հղում անելով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներին, նշեց, որ ամբողջ աշխարհում նախորդ տարվա տասն ամիսների ընթացքում տեղի չի ունեցել շուրջ 900 միլիոն այցելություն: Այս թվերն, ըստ տուրիզմի ոլորտի մասնագետի, 2019 թվականի համեմատությամբ են: Իսկ տարեկան կանխատեսումը 70-ից 75 տոկոս անկումն է, որը թվային արտահայտությամբ՝ մոտ 1 միլիարդ այցելություն է կազմում:

«Հայաստանում, վիճակագրական տվյալներով, ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 77,5 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Շուրջ 327 հազար ներգնա այցելություն է գրանցվել 2020 թվականի ընթացում»:

Ըստ Մեխակ Ապրեսյանի, արտագնա տուրիզմի շրջանում նույնպես գրանցվել է անկում՝ 78,2 տոկոս եւ, եթե ներգնա զբոսաշրջության այս տարվա ցուցանիշը՝ 327 հազարը, հանում ենք, ստացվում է, որ 1 միլիոն 573 հազար զբոսաշրջիկ չի եկել Հայաստան:

Ֆեդերացիայի նախագահի տվյալներով, ներքին զբոսաշրջության այցելությունների թիվը կազմել է 934 հազար. «Որքան էլ զարմանալի է, բայց ներքին զբոսաշրջության մեջ նույնպես ունենք նվազում՝ մոտ 33,5 տոկոս»:

«Մարդիկ փորձում են ատամներով պահել բիզնեսն ու աշխատատեղերը, բայց մի քանի տոմս վաճառելով խնդիրը չի լուծվում, ճիշտ է՝ որոշ աջակցություն եղավ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերով, որոնք նպաստում են ոլորտը, աշխատատեղերը պահպանելուն, բայց այսօր մենք ոլորտը փլուզումից փրկելու խնդիր ունենք: Շատ կարեւոր է, որ այսօր զբոսաշրջության համար տնտեսական հետեւանքները չեզոքացնելու հատուկ ծրագիր ունենանք: Եվ ոչ միայն չեզոքացման կամ պահպանման, այլ, նաեւ հետագայում հիմքեր ստեղծելու նաեւ զարգացման»:

Մեխակ Ապրեսյանն ասաց, որ գործող ծրագրերում կան խնդիրներ. «Երբ երրորդ միջոցառումն ընդունվում էր՝ պետությունն արտոնյալ պայմաններով վարկավորում էր ոլորտի բիզնեսներին, այնտեղ նախնական առաջարկ կար, որ արտոնյալ ժամանակահատվածը լինի մեկ տարի, որովհետեւ դա զբոսաշրջության ոլորտի համար դա կենսական անհրաժեշտություն էր: Չէր կարող ոլորտն այդքան արագ վերականգնվել, եկամուտներ ունենալ, որ կարողանային այդ վարկը սկսել մարել: Ցավոք կառավարությունը ոչ թե մեկ տարի, այլ վեց ամիս սահմանեց այդ արտոնյալ ժամանակահատվածը: Հիմա արդեն եկել է այդ վարկերը մարելու ժամանակահատվածը: Հիմա ինչպե՞ս մարեն, գումարած՝ պատերազմը: Ես կարծում եմ, որ չպետք է արագ քննարկվի եւ որոշում կայացվի այդ ժամանակահատվածը երկարի»:

Ֆեդերացիայի նախագահը գտնում է, որ նման հարցերը քննարկվեն մասնավոր հատվածի հետ էլ. «Պետական-մասնավոր համագործակցությունը շատ կարեւոր է, որոշումները պետք է մասնավորի հետ քննարկվի, որ հետո չընկնենք հետեւից շտկումներ անել: Այո, լինում է, որ պետք է հրատապ կայացվի այդ որոշումը, բայց ճիշտ կլինի նախապես քննարկվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031