Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրթան գյուղը բաճկոն է արտադրում՝ Made in Kurtan

Հունվար 13,2021 15:10

Made in Kurtan պիտակով բաճկոնների մասին լուրը մի քանի ժամվա ընթացքում լայն տարածում գտավ ֆեյսբուքում ու անչափ դրական ընդունվեց սոցտարածքում: Ֆեյսբուքյան օգտատերերից շատերին հետաքրքրում էր, թե որտեղից կարելի է ձեռք բերել Լուռու մարզի գողտրիկ Կուրթան համայնքում արտադրված հայկական բաճկոնը:

Խոսքը «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի (Little Star Charitable Fund) հերթական ծրագրերից մեկի մասին է, որը հնարավոր եղավ իրագործել Մենսենքինդերեն հիմնադրամի շնորհիվ: Made in Kurtan-ը կուրթանցի կանանց ապահովել է աշխատանքով, իսկ յուրաքանչյուր պատվերը հնարավորություն է տալու էլ ավելի մեծացնել արտադրամասը եւ աշխատողների թիվը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը, դա ինչ-որ մեկի բիզնեսը չէ, ուղղակի բարեգործական նախագիծ է: «Աստղիկն» աշխատում է հոլանդացիների հետ, իրականացնում է գյուղերի զարգացման ծրագրեր: «Վերցնում ենք բնակավայր, ուսումնասիրում ենք, թե ինչ ներուժ ունի տվյալ բնակավայրն ու սկսում ենք այդ ներուժը զարգացնելով՝ փորձել կրճատել աղքատության տոկոսը: Չորրորդ տարին է, որ Հարթագյուղում էինք աշխատում, այնտեղ էլ հողագործության հետ կապված նախագիծ է իրականացվում: Իրենք ունեն շատ լավ հողեր, որոնք չէին մշակվում, այնտեղ հիմքը դրեցինք օրգանական գյուղատնտեսության:

Ներուժը կա՝ առանց թունաքիմիկատների, առանց ավելորդ պարարտանյութերի մշակել այնպիսի բաներ, ինչի պահանջարկն առկա է մեր շուկայում, ինչպես, օրինակ, հատիկաընդեղենը, բանջարեղենը: Երկրորդ տարին է Կուրթանում ենք: Անցյալ տարի արեւային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք բնակիչների տների տանիքներին, հիմա էլ մտածում ենք զարգացման ծրագրեր իրականացնել: Առաջինն էլ այս կարի արտադրությունն է»,-ասաց Մարիամ Անտոնյանը:

Նա հիշեցրեց, որ Կուրթանում ժամանակին գործել է կարի ֆաբրիկա, եւ ընդհանրապես Լոռու մարզու ամեն գյուղում խորհրդային տարիներին գործել է փոքր արտադրություն, սակայն որեւէ մեկը զրոյից ոչինչ չի կարել, յուրաքանչյուրն ինչ-որ արտադրանքի մի մասն է կարել:

«Թվում էր, թե համայնքում կարող բանվորներ պետք է լինեին, սակայն նրանք ամբողջությամբ չէին տիրապետում գործին: Արդեն մի քանի ամիս է՝ վերապատրաստում ենք մարդկանց, փորձում ենք գտնել համապատասխան մասնագետների, որոնք կվերապատրաստեն կարողներին: Ի դեպ, շուկան ուսումնասիրելով պարզեցինք, որ հայկական բաճկոնների խնդիրը կա: Դրա համար էլ որոշեցինք բաճկոններ կարել: Անկեղծ ասած, չէի սպասում, որ նման ոգեւորության կարժանանա ծրագիրը: Հիմա էլ մտածում ենք գյուղի տատիկներին ընդգրկել, որոնք բաճկոնների հետ մեկտեղ ձեռագործ շարֆ ու գլխարկ կստեղծեն: Այնպես որ, տատիկներին եւս աշխատանքով կապահովենք, նրանք կստանան իրենց ֆիքսված աշխատավարձը: Մենք գերխնդիր ունենք արտադրությունը մեծացնելու, ավելի շատ աշխատողներ ընդգրկելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ վաճառքի շուրջ դեռ մտածում են, որովհետեւ առցանց վաճառքի պարագայում տրանսպորտի հետ կապված դժվարություններ կառաջանան. «Մտածում ենք, միգուցե «Ազգային մոլում» տեղ վերցնենք: Այս պահին կարվող բաճկոնները բաժանվում են արցախցի ընտանիքների բալիկներին: Ճիշտն ասած, կուրթանցիները պատերազմի 44 օրերի ընթացքում էլ են աշխատել, տաք վերմակներ են կարել արցախցիների համար, ինչն այս պահին էլ շարունակում են:

Ուզում ենք Made in Kurtan անունը լայն տարածում գտնի, որ ինչքան շատ եկամուտ ունենա, այնքան աշխատողների թիվը ավելանա, կարի մեքենաներ գնենք: Շատ մեծ նպատակ ունենք նաեւ հումք արտադրել, ինչը մի քիչ դժվար գործ է, քանի որ թանկ են հաստոցները, բայց աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ»:

Ոգեւորված հավելում է, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող մարդիկ՝ տեսնելով «Արտադրված է Կուրթանում»-ը, կոգեւորվեն, կցանկանան գնել այն: Մարիամ Անտոնյանը հավելում է, որ ինքն էլ չէր սպասում, թե նման բուռն դրական արձագանք կլինի:

Ինչ վերաբերվում է գնին, հավաստիացնում է, որ այն մատչելի է լինելու. «Գինը որոշում ենք այսպես՝ հումքի գումար, աշխատողի աշխատավարձ, որոշակի կոմունալ ծախսեր եւ քիչ տոկոս եկամուտ, որը ապահովելու արտադրության հետագա զարգացումը: Երեխաների համար կարված բաճկոնը լինելու է 10000 դրամ, մեծահասակներինը՝ 12000-13000: Մնում է փորձենք հասկանալ, թե ինչպես է իրականացվելու Կուրթանից Երեւան եւ այլ հասցեներով առաքումը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի եւ Մարիամ Անտոնյանի ֆեյսբուքյան էջերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031