Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ տապալվեց հայկական օրակարգը Կրեմլում. Լիլիթ Մակունցի պարզաբանումը

Հունվար 13,2021 14:51

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին մոսկովյան այցի ժամանակ ինչո՞ւ տապալվեց հայկական օրակարգը, մինչ այդ վարչապետն ու խոսնակը գրառումներ էին արել, որ վարչապետը Մոսկվա է մեկնում՝ գերիների վերադարձման օրակարգով՝ պատասխանեց. «Նախապես հայտարարությունը հստակ սահմանել է, որ նաեւ քննարկումները կարող են ընթանալ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, ինչը տեղի է ունեցել: 4 ժամ տեւած բանակցություններից 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին»: Նա հորդորեց գերիների թեման չշահարկել. «Նշվել է, որ դա առաջնային հարց է ու բոլոր ջանքերը, բոլոր հարթակները պետք է օգտագործվեն՝ հումանիտար հարցը լուծելու համար»:

Հարցին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ ժամկետներ էին սահմանված, օրինակ, շրջանների վերադարձի հետ կապված երկրորդ փաստաթղթում հստակ ժամկետներ կան կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված, ո՞րն է պատճառը, որ գերիների վերադարձի մարդասիրական հարցը, զոհերի մարմիների փոխանակման հարցը, որը շատ ավելի հրատապ հարց է, հստակ ժամկետային ձեւակերպումներ չի ստանում, սա հայկական կողմի անհաջողության մասին չի՞ խոսում՝ Մակունցը պատասխանեց. «Ուզում եմ հիշեցնել, որ վարչապետը միայն ճեպազրույցի ընթացքում Մոսկվայում երկու անգամ նշեց գերիների վերադարձի առաջնահերթության հարցը: Հայտարարության տեքստը, որ ստորագրվեց Մոսկվայում օրեր առաջ, որեւէ առնչություն չունի հումանիտար նպատակով առաջադրվող խնդիրներին: Դրանք չպետք է կապել մեկը մյուսի հետ, ինչի մասին նշվել է»:

Լրագրողները հիշեցրին՝ վարչապետն ասել էր՝ եթե գերիների վերադարձի հարցը չլուծվի, ճանապարհների ապաշրջափակումը չի կարող արդյունավետ լինել, նա ինքն է կապել այդ հարցերը, Մակունցը պատասխանեց. «Վարչապետը նշել է, որ եթե մինչ այդ գերիների հարցը չլուծվի, ապա դրա իրագործման մեխանիզմները առաջացնելու են բազմաթիվ խնդիրներ, ինչը վերահաստատեց նաեւ Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ»:

Հարցի՝ չէ՞ր կարող չստորագրեր, մինչեւ գերիների հարցը չլուծվեր՝ Մակունցը պատասխանեց, որ այդ հայտարարությունը տեքստ է մտադրության մասին, որտեղ արտացոլված են նաեւ ՀՀ շահերը. «Սա մի բան է, որը որեւէ կերպ պետք չի կապել: Գերիների վերադարձի հարցը եւ գերիների վերադարձի շուրջ աշխատանքները պետք է լինեն եւ կան առաջնային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031