Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մակունցը՝ Ջհանգիրյանի կարողությունների, Մոնումենտում նրա 3 հարկանի տան, նրա անցյալի ու ԲԴԽ թեկնածության մասին

Հունվար 13,2021 14:39

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ խմբակցությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո միաձայն որոշել է նրան առաջադրել ԲԴԽ թեկնածու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ բա Ջհանգիրյանի անցյալը հաշվի առե՞լ եք, նախկինում զինդատախազ էր, Մատաղիսի գործը հիշե՞լ եք՝ Մակունցը պատասխանեց. «Մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ եւ սա առաջնային դերակատարում է ունեցել: Իհարկե, բոլոր հարցերը, կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների, տարատեսակ դիրքորոշումների հետ, բոլոր այդ հարցերը հնչել են եւ պարոն Ջհանգիրյանը ներկայացրել է սպառիչ պատասխաններ այդ առնչությամբ: Լիագումար նիստերի դահլիճում նաեւ հանրությունը կունենա հնարավորություն բոլոր, այդ թվում՝ Մատաղիսի գործի հետ կապված եւ բոլոր այլ թեմաներով լսել իր դիտարկումները»:

Ինչ վերաբերում է ժամկետներին, Մակունցն ասաց, որ ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորների եւ իրավաբան-գիտնականների պահանջները տարբեր են: Եթե դատավորների համար կա տարիքային սահմանափակում, իրավաբան գիտնականների համար՝ չկա: Մակունցը մատնացույց արեց Գագիկ Հարությունյանին՝ ՍԴ նախկին նախագահին. «Պատահական չէ, որ տարիներ առաջ այդ հիմքով ընտրվել է էլի դատավոր, որի պարագայում որեւէ խնդիր նաեւ այդ պարագայում չի առաջացել: Այո, խոսքը Գագիկ Հարությունյանի մասին է»:

Հարցին՝ դուք նախկինների հետ կապված որոշակի տրամադրվածություն ունեք, բայց Գագիկ Ջհանգիրյանը նախկին մի քանի իշխանությունների հետ համագործակցած պաշտոնյա է, մամուլում նրա՝ կոռուպցիոն ճանապարհով կարողությունների մասին վարկածներ կան, Մոնումենտում նրա՝ 3 հարկանի տան մասին տեղեկություններ, կարո՞ղ էր պետական պաշտոնյան աշխատավարձով նման կարողություն ստեղծեր՝ Մակունցը պատասխանեց, որ իրենք որեւէ կաշկանդվածություն չունեն ներկայացնելու Գագիկ Ջհանգիրյանին ու առաջնորդվել են նրանով, որ նա ԲԴԽ թեկնածուի չափանիշներին համապատասխանում է:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ հանձնառությամբ եք Ջհանգիրյանին տանում ԲԴԽ, ի՞նչ առաքելություն է իրականացնելու, ի՞նչ եք ակնկալում նրանից՝ Մակունցը պատասխանեց, որ ակնկալիքները իրենք չէ, որ սահմանում են, կան գործառույթներ, որ ԲԴԽ անդամը պետք է անի ու դա որեւէ քաղաքական ուժի ակնկալիքով պայմանավորված չէ: Մեր հարցին՝ Ջհանգիրյանը քաղաքականացված անձ չի՞՝ Մակունցն ի պատասխան մատնացույց արեց այն, որ Գագիկ Ջհանգիրյանը որեւէ կուսակցության անդամ չէ ու վստահեցրեց՝ որեւէ կաշկանդվածություն չունի:

Գագիկ Ջհանգիրյանի՝ որպես ԲԴԽ թեկնածուի հարցը կքննարկվի ԱԺ-ում առաջիկա քառօրյայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031