«Վեց տարի առաջ մտածում էի, թե ինչ սպորտաձևով զբաղվեմ, ուզում էի հայրենիքիս դրոշը գլխավերևում պահել» ,-զրույցն այսպես սկսեց երիտասարդ չեմպիոն Էրիկ Խաչատրյանը՝ հավելելով. «Իմ կարծիքով իսկական հայ մարզիկի համար ամենահաճելի բանն է թշնամիների դրոշը տեսնել ամենաներքևի հարկերում»:
Էրիկը որոշեց զբաղվել 2 սպորտաձևով` մինչև հասկանա, թե որն է իրեն ավելի ձգում։ Ընտրեց ուժային մենամարտն ու հունահռոմեական ըմբշամարտը։ 2017-2019 թթ. ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում դարձել է ոսկե մեդալակիր և սահմանել է աշխարհի ռեկորդներ։ Ինքն առանձնացրեց հենց 2017 թվականը, որովհետև այդ ժամանակ իրոք հրաշք տեղի ունեցավ:
«Լավ պատրաստված գնացել էի։ Հավատում էի, որ դառնալու եմ ոսկե մեդալակիր։ Առաջին մոտեցման ժամանակ պատվիրեցինք այնպիսի քաշ, որը հավանաբար կգերազանցեր բոլորի պատվիրած քաշերին։ Առաջին մոտեցման ժամանակ ցավոք ձախողեցի։ 2-րդ մոտեցումից առաջ մարզիչս դուխ տվեց։ Ես ավելի վստահ գնացի, մոտեցա ծանրաձողին, ցավոք դա էլ ձախողեցի։ 3-րդ մոտեցման ժամանակ նայում էի հայրենակիցներիս և զգում էի, որ նրանք դեռ հավատում են իմ ուժերին։ Այդ ժամանակ մարզիչս եկավ և ասաց, որ պատվիրել է այնպիսի քաշ, որի անելու դեպքում կդառնամ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր» ,-պատմում է նա։
Գնաց, մի անկյունում աղոթեց, վստահ ու հավատով մոտեցավ ծանրաձողին։ Մտածում էր, որ դա իր շանսն է և պետք է շրջանցի ադրբեջանցի ներկայացուցչին։ 3-րդ մոտեցումը նրան հաջողվեց։
Կարդացեք նաև
Էրիկը չի մոռանում նաև ուժային եռամարտի իր մարզիչներ Գագիկ Սարոյանին ու Վարդան Թովմասյանին։
Նշեմ, որ Էրիկ Խաչատրյանը Դյուցազնագրքի և Գինեսի ռեկորդակիր է։ Առաջին ռեկորդը սահմանել է 2019-ին։ Իսկ 2020 թվականին երկար մարզվելուց հետո ուզում էր ռեկորդ սահմանել, բայց պատերազմը խոչընդոտեց։
«Երբեք գործս կիսատ չեմ թողնի։ Պետք է այս ռեկորդն էլ սահմանեմ և նվիրեմ Արցախյան պատերազմում նահատակված մեր եղբայրներին» ,-վստահեցնում է նա։
Նա իր սպորտային բանաձև է ընտրել` երբեք չհանձնվել։ Միշտ հաղթանակի հետ է, իսկ հաղթանակը` իր։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ